Նալբանդյանը և Մոգերինին ստորագրել են Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-ին հանդիպել է Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով Հայաստանի արտաքին գործերի նախարարին` Եվրամիության բարձր ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին Հայաստանի դրական ներգրավվածության համար։ Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին գոհունակություն են հայտնել ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի պարբերական շփումների կապակցությամբ։ Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Հայաստանի կողմից վավերացումից հետո փաստաթղթի մի շարք դրույթների իրականցմանը: Նախարար Նալբանդյանն ու Բարձր ներկայացուցիչ Մոգերինին արծարծել են Գործընկերության խորհրդի անդրանիկ նիստի նախապատրաստմանը վերաբերող հարցերին։ Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը, ԵՄ տարբեր, մասնավորապես` COSME և «ՀՈՐԻԶՈՆ 2020» ծրագրերին Հայաստանի մասնակցությանը, Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցություններին առնչվող հարցեր։ Երկուստեք գոհունակություն է հայտնվել հաջորդ ամիս «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի միանալու կապակցությամբ։ ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը՝ անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը ցուցաբերած օժանդակության համար, ինչը, նախարարի բնորոշմամբ, նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար։ Հայաստանի ԱԳՆ և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության միջև փոխգործակցության համատեքստում անդրադարձ է արվել ԱԳՆ դիվանագիտական դպրոցին Եվրոպական միության աջակցության հարցերին։ Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ Բարձր ներկայացուցիչը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը Ֆեդերիկա Մոգերինիին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին, որպես Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի համանախագահներ, ստորագրել են Հայաստան - Եվրոպական միություն գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը։
Armenpress.am