Դամասկոսի հայ համայնքի բարոյահոգեբանական վիճակը բարձր է, կյանքը շարունակվում է. հայազգի պատգամավոր
https://parstoday.ir/hy/news/armenia-i88762-Դամասկոսի_հայ_համայնքի_բարոյահոգեբանական_վիճակը_բարձր_է_կյանքը_շարունակվում_է._հայազգի_պատգամավոր
Դամասկոսի հայ համայնքը մայրաքաղաքի մյուս բնակիչների նման դիմագրավել է ԱՄՆ-ի և դաշնակիցների եռակողմ ագրեսիան: «Բարոյահոգեբանական վիճակը բարձր է, կյանքը շարունակվում է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, «Հայաստան-Սիրիա» խորհրդարանական բարեկամական հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Ապրիլ 15, 2018 10:20 Asia/Tehran
  • Դամասկոսի հայ համայնքի բարոյահոգեբանական վիճակը բարձր է, կյանքը շարունակվում է. հայազգի պատգամավոր

Դամասկոսի հայ համայնքը մայրաքաղաքի մյուս բնակիչների նման դիմագրավել է ԱՄՆ-ի և դաշնակիցների եռակողմ ագրեսիան: «Բարոյահոգեբանական վիճակը բարձր է, կյանքը շարունակվում է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, «Հայաստան-Սիրիա» խորհրդարանական բարեկամական հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանը:

«Միակողմանի գործողությունները կամ ագրեսիան միջազգային իրավունքի սկզբունքների խախտում են, որը կատարվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից դուրս, ինչը, միևնույն ժամանակ, ինքնիշխան պետության սկզբունքների կոպիտ խախտում է: 7 տարուց ավելի է արդեն մեր ժողովուրդը դիմադրում էր միջազգային ահաբեկչությանը, իսկ հիմա էլ դիմադրում է նման ագրեսիայի: Սիրիայի ժողովուրդն ավելի է ամրապնդում ինքնիշխանության հիմքերը: Այսօր առավոտյան քաղաքի հրապարակները լցված էին քաղաքացիներով, որոնք տոնում էին հաղթանակը ԱՄՆ-ի և դաշնակիցների եռակողմ ագրեսիայի դեմ, որը չկարողացավ իր նպատակին հասնել»,-հավելեց պատգամավորը:

Նրա խոսքով` սիրիական բանակի հաղորդագրությամբ հաստատվել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիային ուղղված հրթիռային հարվածներն իրականացվել են առավոտյան ժամերին: «Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը խափանել են 100-ից ավելի հրթիռներ, որոնց թիրախն էր Դամասկոսի Պերզե շրջանի ռազմահետազոտական կենտրոնը և այլ ռազմակայաններ, ինչպես Հոմս քաղաքի մոտ, ուր միայն նյութական վնաս են կրել»,-հայտնեց Նորա Ասիրյանը:

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի լույս 14-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք: ԱՄՆ-ը դաշնակիցների հետ Սիրիայում 110 հրթիռ է արձակել. հաղորդվում է երեք տուժածի մասին:

Armenpress.am