Արաղչին դիմել է Եվրոպական եռյակին. Իրանը համարժեք կարձագանքի ձեր անօրինական գործողությանը
Արձագանքելով Եվրոեռյակի կողմից ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու քայլին՝ Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Մենք համարժեք կարձագանքենք ձեր անօրինական գործողությանը»։
Հինգշաբթի երեկոյան Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հիշեցրեց Իրանի պատասխանատու և բարեխիղճ գործողությունները՝ Թեհրանի միջուկային խնդրի հետ կապված հարցերը լուծելու համար դիվանագիտական մոտեցում ցուցաբերելու հարցում, հավելելով. «Իսլամական Հանրապետությունը համապատասխանաբար կարձագանքի երեք եվրոպական երկրների այս անօրինական և անարդարացի գործողությանը՝ իր ազգային իրավունքներն ու շահերը պաշտպանելու և ապահովելու համար»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ՀԳՀԾ-ի անդամներ Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, նամակ են ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և հայտարարել, որ ակտիվացրել են «Ձգանի մեխանիզմը»՝ Իսլամական Հանրապետության դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու համար։
Այնուհետև երեք երկրների ԱԳ նախարաները և ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը հեռախոսազրույցում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիին տեղեկացրել են, որ նպատակ ունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացնել ՀԳՀԾ-ի շուրջ վեճի լուծման գործընթացը սկսելու մասին։
Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ընդգծել են իրենց պատրաստակամությունը՝ առաջիկա 30 օրվա ընթացքում գտնել դիվանագիտական լուծում՝ խնդիրները լուծելու և Անվտանգության խորհրդի պատժամիջոցների բանաձևերի վերադարձը կանխելու համար։
Հեռախոսազրույցում Աբբաս Արաղչին Եվրոեռյակի գործողությունները որակել է անհիմն, անօրինական և զուրկ որևէ իրավական հիմքից: Ընդգծելով Իրանի լրջությունը իր շահերն ու օրինական իրավունքները միջազգային իրավունքին և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին համապատասխան պաշտպանելու հարցում՝ նա հույս է հայտնել, որ երեք եվրոպական երկրները՝ պատասխանատու մոտեցում որդեգրելով և առկա իրողությունները հասկանալով, առաջիկա օրերին կուղղեն սխալը։
Եվրոեռյակի կողմից «Ձգանի մեխանիզմի» ակտիվացման մասին հայտարարությունից հետո, Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Եվրոեռյակի որոշումը լրջորեն կխաթարի Իսլամական Հանրապետության և Գործակալության միջև փոխգործակցության և համագործակցության ներկայիս գործընթացը՝ հավելելով. «Այս սադրիչ քայլը, որը լարվածության պատճառ է դարձել, կստանա համարժեք պատասխան, քանի որ եթե Եվրոեռյակը կանգ չառնի, դա լուրջ հետևանքներ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հեղինակության և կառուցվածքի համար»։
Իրավական և միջազգային գործերով ԻԻՀ փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման գործընթացը սկսելու երեք եվրոպական երկրների քայլը որակել է որպես «անօրինական և ցավալի» և ասել. «Սա դիվանագիտության դեմ ուղղված գործողություն է, այլ ոչ թե դրա հնարավորություն»։
«Ռոյթերսի» հետ հարցազրույցում Քազեմ Ղարիբաբադին Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերադականգնման գործընթացի մեկնարկն անվանել է «անօրինական և ցավալի» և ընդգծել, որ Թեհրանը քննարկում է տարբեր տարբերակներ, այդ թվում՝ դուրս գալը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (NPT):
Նա նշել է. «Եվրոպացիները «լիակատար ամբարտավանությամբ» պնդում են, որ իրականացնում են ՀԳՀԾ-ն, մինչդեռ առկա ցուցանիշներն ու տեղեկատվությունը ցույց են տալիս, որ նրանք ոչ միայն չեն իրականացրել ՀԳՀԾ-ն, այլև նոր պատժամիջոցներ են կիրառել, այդ թվում՝ Իրանի նավագնացության ոլորտի և ավիացիոն արդյունաբերության դեմ»։
Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի «Ձգանի մեխանիզմը», համաձայն ՀԳՀԾ-ի տեքստի, գործում է միայն այն դեպքում, եթե մյուս կողմերը նույնպես հետևում են իրենց պարտավորություններին, այդ իսկ պատճառով Իրանը ընդգծում է, որ մյուս կողմերը չեն պահպանել ՀԳՀԾ-ի համաձայնագրով նախատեսված իրենց պարտավորություններից որևէ մեկը։