ՄԱԿ․ 2025 թվականին սննդամթերքի համաշխարհային ներմուծումը կհասնի 2,22 տրիլիոն դոլարի
Գնահատումների համաձայն, 2025 թվականին սննդամթերքի գլոբալ ներմուծումը կհասնի 2,22 տրիլիոն դոլարի, ինչը գրեթե 8%-ով ավելի է, քան 2024 թվականին։ Այս մասին ասվում է FAO-ի պատրաստած Food Outlook-ի նոյեմբերյան զեկույցում։ Սա կդառնա նոր ռեկորդային ցուցանիշ և կնշանավորի երկրորդ անընդմեջ աճի տարին՝ 2023 թվականի կարճատև անկումից հետո։
«Թեև հիմնական սննդամթերքի, օրինակ՝ հացահատիկի, համաշխարհային գները մի փոքր ցածր են, սակայն բարձր արժեք ունեցող ապրանքների նկատմամբ մեծ պահանջարկը, չնայած բարձր գներին, հանդիսանում է սպասվող աճի շարժիչ ուժը», - նշում են վերլուծաբանները։
Սննդամթերքի խմբերի բաժանմամբ՝ 2025 թվականին զգալի աճ է դիտվելու սուրճի, թեյի, կակաոյի, համեմունքների և հարակից ապրանքների կատեգորիաներում, որոնց համաշխարհային ներմուծումը կաճի 34,5%-ով՝ 2024-ի համեմատ, կամ 65,2 միլիարդ դոլարով։ Սա ամենամեծ տարեկան աճն է ավելի քան տասնամյակի ընթացքում։ Կաթնամթերքի համաշխարհային ներմուծման արժեքը կաճի 16,4%-ով՝ կամ 20,9 միլիարդ դոլարով, տեղեկացնում է «Агроэкспорт»-ը։
Բուսական և կենդանական ծագման յուղերի ներմուծման ծախսերը կավելանան 10,6%-ով՝ կամ 16,7 միլիարդ դոլարով, մսի և ձկան դեպքում՝ համապատասխանաբար 8,4% և 9,6%-ով, մրգերի և բանջարեղենի դեպքում՝ 7,6%-ով։ Իսկ հացահատիկի գլոբալ ներմուծումը, հակառակը, կնվազի մոտ 3%-ով՝ կամ 9,3 միլիարդ դոլարով, իսկ շաքարի դեպքում՝ գրեթե 9%-ով՝ կամ 7,3 միլիարդ դոլարով, ինչը արտացոլում է գների նվազումը։