Իրանը բողոքել է Բահրեյնի անարգալից վերաբերմունքի դեմ
Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահը բողոքելով բահրեյնցիների կողմից Իրանի պետական հիմնի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի դեմ, նամակ է հղել Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիային (ՖԻՖԱ) և Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ):
2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստական խաղերի շրջանակում, երեքշաբթի երեկոյան տեղի ունեցավ Իրանի և Բահրեյնի Ֆուտբոլի ազգային հավաքականների խաղը: Խաղի մեկնարկին Իրանի պետական հիմնը հնչելու ժամանակ, բահրեյնցի դիտողները սուլոցներով ու աղմուկ բարձրացնելով անարգեցին Իրանի իսլամական հանրապետության պետական հիմնը և դրոշը:
Իրանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին չորեքշաբթի օրը մի նամակ հղելով Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիային և Միջազգային օլիմպիական կոմիտեին, բողոքել է բահրեյնցիների անարգալից վերաբերմունքի դեմ և պահանջել լուրջ մոտեցում ցուցաբերել հարցին:
Սալեհի Ամիրիի խոսքերով՝ Բահրեյնի մարզիկների ու նրանց երկրպագուների լկտի վերաբերմունքը հակասում է մրցումների հյուրընկալության սկզբունքներին, ՖԻՖԱ-ի կանոնադրությանը և խախտում է Օլիմպիական խաղերի կանոնագրի սկզբունքները:
Այդ խաղի արդյունքում Բահրեյնի ֆուտբոլի հավաքականը հաղթեց 1: 0 հաշվով: