Իրան.«Պատժամիջոցը և ահաբեկչությունը անկախ երկրների դեմ ԱՄՆ-ի երկու ռազմավարություններն են»
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Պատժամիջոցը և ահաբեկչությունը անկախ երկրների դեմ ԱՄՆ-ի երկու ռազմավարություններն են: Տարածաշրջանի երկրների համագործակցությամբ հնարավոր կլինի կանխել այդ երկու հակամարդկային սպառնալիքների իրականացումը»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, երկուշաբթի օրը Թեհրանում Հնդկաստանի ԱԳ նախարար Սաբրահմանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն այսօր դարձել են տարածաշրջանի բոլոր երկրների դեմ ուղղված կարևորագույն սպառնալիքները: Հարատև համագործակցությունը և ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու տարածաշրջանային մեխանիզմների ստեղծումը կփակեն ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով օտարերկրյա միջամտությունների ճանապարհը»:
Հանդիպման ժամանակ Հնդկաստանի ԱԳ նախարարն ասել է.«Չաբահարի նավահանգստի զարգացման ոլորտում Իրան-Հնդկաստան համագործակցությունը և էներգետիկայի, առևտրի ու ապրանքների տարանցման ոլորտներում նոր ենթակառուցվածքների ստեղծումը ուշագրավ ազդեցություն ունեն տարածարշրջանի տնտեսական բարգավաճման գործում, որը կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը:»: