Իրանն ու Հնդկաստանը շեշտել են գյուղատնտեսական փոխանակումների և գյուղմթերքների առևտրի ընդլայնման կարևորությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i246538-Իրանն_ու_Հնդկաստանը_շեշտել_են_գյուղատնտեսական_փոխանակումների_և_գյուղմթերքների_առևտրի_ընդլայնման_կարևորությունը
Իրանի և Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարները BRICS-ի գյուղատնտեսության նախարարների հանդիպման շրջանակում ընդգծել են գյուղատնտեսական համագործակցության և երկկողմ առևտրի ընդլայնման անհրաժեշտությունը։
(last modified 2026-06-12T13:23:13+00:00 )
Հունիս 12, 2026 16:41 Asia/Tehran
  • Իրանն ու Հնդկաստանը շեշտել են գյուղատնտեսական փոխանակումների և գյուղմթերքների առևտրի ընդլայնման կարևորությունը

Իրանի և Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարները BRICS-ի գյուղատնտեսության նախարարների հանդիպման շրջանակում ընդգծել են գյուղատնտեսական համագործակցության և երկկողմ առևտրի ընդլայնման անհրաժեշտությունը։

Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարար Ղոլամռեզա Նուրին, ով Հնդկաստանում մասնակցում է BRICS-ի գյուղատնտեսության նախարարների հանդիպմանը, ուրբաթ օրը հանդիպել է Հնդկաստանի գյուղատնտեսության և ֆերմերների բարեկեցության նախարար Շիվրաջ Սինգ Չոհանին։

Հանդիպմանը Նուրին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ընդլայնել երկկողմ համագործակցությունը։

Նուրին նշել է, որ Իրանը պատրաստ է Հնդկաստանի հետ գյուղատնտեսական համագործակցության նոր փուլ սկսել, իսկ Թեհրանում գյուղատնտեսության համատեղ հանձնաժողովի նիստի անցկացումը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Նա, շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ BRICS-ի նախարարական հանդիպումը հյուրընկալելու համար և ընդգծել է նման հարթակների կարևոր դերը՝ զարգացող երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում։

Իրանի գյուղատնտեսության նախարարը հայտարարել է, որ պարենային անվտանգությունը պետությունների և հասարակությունների կայունության կարևորագույն հիմքերից է։ Նրա խոսքով՝ Իրանը, չնայած ճնշումներին և մարտահրավերներին, կարողացել է նպատակային ծրագրավորման և գյուղատնտեսության ոլորտի արտադրողների ու մասնագետների ջանքերի շնորհիվ պարենային անվտանգությունը պահպանել բավարար մակարդակում։

Նուրին նաև բարձր է գնահատել Հնդկաստանի ձեռքբերումները ավելի քան մեկ միլիարդ բնակչության պարենային կարիքների ապահովման գործում և կոչ է արել ընդլայնել երկու երկրների համագործակցությունը գյուղատնտեսական հետազոտությունների, ջրային ռեսուրսների կառավարման, նոր տեխնոլոգիաների կիրառման, մեխանիզացիայի, սերմնաբուծության, սննդարդյունաբերության և գյուղատնտեսական արտադրանքի առևտրի ոլորտներում։

Հնդկաստանի գյուղատնտեսության և ֆերմերների բարեկեցության նախարար Շիվրաջ Սինգ Չոհանը ողջունել է Իրանի պատվիրակության մասնակցությունը BRICS-ի հանդիպմանը՝ ընդգծելով, որ երկու երկրների հարաբերությունները հիմնավորված են երկարամյա կապերի և ռազմավարական գործընկերության վրա։

Նա նշել է, որ Հնդկաստանը մեծ կարևորություն է տալիս Իրանի հետ գյուղատնտեսության, նորարարական տեխնոլոգիաների, գիտական հետազոտությունների և կայուն զարգացման ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։ Չոհանը նաև ընդգծել է, որ երկու երկրներն ունեն զգալի ներուժ գյուղատնտեսության և պարենային անվտանգության բնագավառներում, և անհրաժեշտ է արդյունավետորեն օգտագործել առկա հնարավորությունները՝ համագործակցության մակարդակը բարձրացնելու համար։ Նա հայտնել է Հնդկաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ պայմանավորվածությունների իրականացումը և զարգացնելու գործնական համագործակցությունը։