Կարևորվել է Իրան-Հայաստան համագործակցությունների ընդլայնումը
Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ կարևորել է երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնումը:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ, Ղոլամհոսեյն Շաֆեին առաջարկել է երկու երկրների միջև համատեղ տարանցիկ և տրանսպորտային ընկերություն հիմնել: Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի համատեղ արտադրությունը հաջող գաղափար կլինի:
Անդրադառնալով երկու երկրների միջև երկկողմ համագործակցության ներուժին, Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարն ընդգծել է առևտրային հարաբերությունների ընդլայնման և համատեղ ներդրումների ծավալների մեծացման ճանապարհին առկա մարտահրավերների ու խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը:
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպման ժամանակ նշել է, որ ՀՀ կառավարությունը փորձում է լուծել բանկային երաշխքիների բարձր սակագների հարցը, որպեսզի ընկերությունները մասնակցեն կառավարության կողմից հայտարարված աճուրդներին: Նա նշել է. «Հարցը քննարկման փուլում է և սակագները շուտով նվազելու են»:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ առաջիկա ամիս հայ ձեռներեցների պատվիրակությունը կայցելի Սպահան և ցանկություն է հայտնել, որպեսզի Իրանի մասնավոր հատվածից ևս մի պատվիրակություն այցելի Հայաստան:
Հանդիպման ավարտին, Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի և Հայաստանի ներդրումների աջակցության կենտրոնի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: