Բորելը և Ամիր Աբդոլլահյանը դրական են գնահատել Վիեննայի բանակցությունների մթնոլորտը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն և Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույցում դրական են գնահատել Վիեննայում ընթացող՝ հակաիրանական պատժամիջոցների չեղարկմանն ուղղված բանակցությունների մթնոլորտը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ուրբաթ օրը, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու և Վիեննայի բանակցությունների համակարգող Ջոզեպ Բորելի նախաձեռնությամբ, կայացել է ԻԻՀ ԱԳ նախարարի հետ վերջինիս հեռախոսազրույցը՝ բանակցությունների ընթացքը քննարկելու նպատակով:
Վիեննայի բանակցությունների համակարգողը կարևորել է Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերը, նշելով. «ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղար Էնրիկե Մորային կոչ եմ անում կառուցողական և ակտիվ աշխատել Իրանի գլխավոր բանակցողի և բոլոր պատվիրակությունների հետ՝ համաձայնության հասնելու համար»։
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նույնպես, հեռախոսազրույցում բանակցությունների ընթացքը դրական, բայց ընդհանուր առմամբ դանդաղ է գնահատել, հավելելով. «Իրանական պատվիրակությունը ակտիվորեն ներկա է բանակցությունների սեղանի շուրջ՝ բարի մտադրություններով, անհրաժեշտ լիազորություններով և հասանելի ու հեռանկարային նախաձեռնություններով»։
Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Ցանկացած բանակցության և գործողության մեր մասնակցության նպատակն է պատժամիջոցների ամբողջական չեղարկումը, որոնք խախտում են ՀԳՀԾ-ն»։
Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Մենք համոզված են, որ լավ համաձայնության հասնելու հնարավորություն կա, սակայն դրա համար պահանջվում է որոշ կողմերի մոտեցումների փոփոխություն՝ սպառնալիքի հնչեցումից դեպի համագործակցության, փոխադարձ հարգանքի և արդյունքների մասին հայտարարություններ»: