Իրան-Սիրիա տնտեսական հարաբերությունները թևակոխել են նոր փուլ
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին, իր թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է Իրանի և Սիրիայի միջև տնտեսական հարաբերությունների նոր փուլի մեկնարկի մասին և ընդգծել, որ հապաղումն այլևս անթույլատրելի է:
Ղասեմին գրել է. «Վերջին այցի ընթացքում Սիրիայի նախագահի հետ ձեռք բերված տնտեսական ոլորտի և հարաբերությունների զարգացման շուրջ պայմանավորվածությունները տնտեսական և շինարարական ոլորտի ակտիվիստների համար կվերակենդանացնեն բազմաթիվ բաց թողնված հնարավորություններ»։
Սիրիա-Իրան համատեղ տնտեսական կոմիտեն նախագահող Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը չորեքշաբթի օրը, գլխավորելով քաղաքատնտեսական բարձրաստիճան մի պատվիրակություն, եռօրյա այցով մեկնել էր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս: Օդանավակայանում նրան դիմավորել է Սիրիայի էկոնոմիկայի նախարար Սամար Ալ-Խալիլը:
«Սիրիայում պատերազմի ավարտը երկու երկրների տնտեսական հարաբերությունների նոր դարաշրջանի սկիզբն է», -Դամասկոսի օդանավակայան ժամանելիս լրագրողներին ասել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին: