Վերլուծություն - ԱՄՆ-ի ռազմակայանները․ անվտանգության վահան, թե՞ հյուրընկալող երկրների խոցելիության գործոն
Իրանի դեմ վերջին պատերազմն առավել ցայտուն է դարձրել Պարսից ծոցի հարավային հատվածի անվտանգության հարաբերություններում առկա վաղեմի հակասությունը․ տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն իրենց անվտանգության հիմնական հենասյունը համարած երկրներն այժմ կանգնած են հարցի առաջ՝ արդյո՞ք այդ ներկայությունն իրականում բարձրացրել է իրենց անվտանգությունը, թե՞ ճգնաժամի պայմաններում իրենց վերածել է հարձակման ենթակա թիրախների։
ԱՄՆ-ի արաբական դաշնակիցների շրջանում աճող դժգոհության մասին The Washington Post-ի հոդվածը հենց այս խորացող կասկածի դրսևորումներից մեկն է։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Պարսից ծոցի արաբական երկրների պաշտոնյաները կասկածի տակ են դնում ԱՄՆ-ի ռազմակայանների հյուրընկալման ծախսերն ու օգուտները, մինչդեռ նրանց ռազմական և հետախուզական կախվածությունը Վաշինգտոնից շարունակում է խորքային մնալ։ Այդ երկրների հակաօդային պաշտպանության համակարգերը, ռազմական ինքնաթիռները, ռադարային ցանցերը, պահեստամասերի մատակարարումը, զինտեխնիկայի օգտագործման ուսուցումն ու սպասարկումը, ինչպես նաև հետախուզական կարողությունների մի մասը կախված են ԱՄՆ-ի հետ համագործակցությունից։ Հետևաբար, խնդիրը միայն ամերիկյան զորքերի ներկայության շարունակման կամ դադարեցման մասին չէ․ խոսքը տասնամյակների ընթացքում ձևավորված անվտանգության ճարտարապետության վերաիմաստավորման մասին է։
Հիմնական խնդիրն այն է, որ ամերիկյան ուժերի ներկայությունն ինքնին չի նշանակում, որ ընդունող երկրները զերծ են մնում պատերազմի հետևանքներից։ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության ընդլայնման դեպքում տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ-ի ռազմակայանները կարող են վերածվել ռազմական թիրախների՝ ընդունող երկրներին ակամա ներքաշելով առճակատման մեջ։ Այս պայմաններում ավանդական՝ «ամերիկյան ռազմակայան = ավելի մեծ անվտանգություն» բանաձևը բախվում է լուրջ հակասության․ զսպման նպատակով ստեղծված նույն ենթակառուցվածքները կարող են վերածվել խոցելիության աճի գործոնի։
Այս զարգացումը առանձնահատուկ նշանակություն ունի Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների համար։ Վերջին տարիներին նրանք, պահպանելով ԱՄՆ-ի հետ անվտանգության հարաբերությունները, միաժամանակ փորձել են զարգացնել իրենց տնտեսական և քաղաքական կապերը Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի հետ։ Արաբական մի շարք երկրների և Թեհրանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը ցույց է տվել, որ տարածաշրջանային լարվածության նվազեցումը նրանց համար գնալով ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում։ Այս տեսանկյունից՝ պատերազմի շարունակությունը կարող է ուժեղացնել արաբական երկրների՝ Վաշինգտոնի առճակատման քաղաքականությունից որոշակիորեն հեռանալու և արտաքին հարաբերություններում հավասարակշռման քաղաքականության անցնելու ձգտումը։
Մտահոգությունների վրա ազդող մեկ այլ գործոն էլ ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ վստահության հարցն է։ Վաշինգտոնի դաշնակիցները պետք է հասկանան, թե ճգնաժամի դեպքում որքանով է Սպիտակ տունը հաշվի առնելու հյուրընկալ երկրների շահերն ու անվտանգությունը։ Եթե ձևավորվի այն համոզումը, որ ԱՄՆ-ի ներկայությունը կարող է երկիրը վերածել հակամարտության դաշտի մի մասի, ապա այդ ներկայության քաղաքական և անվտանգային արժեքը կնվազի։
Այնուամենայնիվ, կարճաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ի արագ դուրսբերումը տարածաշրջանից իրատեսական չէ։ Արաբական երկրները դեռևս չունեն ամերիկյան ռազմական, հետախուզական և լոգիստիկ կարողություններին լիարժեք փոխարինող համակարգ։ Հետևաբար, առավել հավանական սցենարը ոչ թե համագործակցության ամբողջական դադարեցումն է, այլ բացարձակ կախվածությունը նվազեցնելու և անվտանգության ու քաղաքական հարաբերությունների առավել բազմազան համակարգ ձևավորելու փորձը։
Վերջիվերջո, Իրանի դեմ պատերազմը կարող է շրջադարձային կետ դառնալ անվտանգության մասին արաբական երկրների պատկերացումների ձևավորման գործընթացում։ Եթե օտարերկրյա ռազմակայանները սպառնալիքը նվազեցնելու փոխարեն մեծացնում են ընդունող երկրի՝ պատերազմում ներքաշվելու հավանականությունը, ապա տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության վերանայման անհրաժեշտությունն ավելի հրատապ կդառնա։
Այս վերանայումը պարտադիր չէ, որ նշանակի ԱՄՆ-ի հետ դաշինքի ավարտ։ Այն կարող է ենթադրել աստիճանական անցում «օտարերկրյա ուժի ներկայության վրա հիմնված անվտանգությունից» դեպի երկխոսություն, հարաբերությունների դիվերսիֆիկացում և տարածաշրջանային անվտանգության մեխանիզմների ձևավորում։ Եթե այս գործընթացը շարունակվի, այն կարող է առաջիկա տարիներին էապես փոխել Պարսից ծոցի քաղաքական ուժերի հավասարակշռությունը։