Տեղի է ունեցել ԻԻՀ ՊՆ առաջադեմ ԱԹՍ-ների շնորհանդեսը
Իրանի Պնախարարի, Ավիացիոն արդյունաբերության կազմակերպության գլխավոր տնօրենի և ԶՈՒ մի խումբ պաշտոնյաների ներկայությամբ, տեղի է ունեցել Իրանի ՊՆ ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ԱԹՍ-ների շնորհանդեսը:
Ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ձեռքբերումների ցուցահանդես կատարած այցի շրջանակում, Իրանի Զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանին ասել է. «Անկասկած, ԱԹՍ-ների արդյունաբերությունն Իսլամական Հանրապետության հեղինակության և պաշտպանական ուժի բարձրացման կարևոր գործոններից է»։
Նշելով, որ Իրանում ԱԹՍ-ների կառուցման հիմքը դրվել է չորս տասնամյակ առաջ, Աշթիանին հավելել է. «Իսլամական հեղափոխության 43-րդ տարեդարձին ընդառաջ, այս արդյունաբերության զարգացումն ու այդ ոլորտում գրանցված ձեռքբերումները հասել են բարձր մակարդակի»:
Նշելով, որ ԱԹՍ-ներն Իրանի սահմաններից դուրս երկրի մարտունակության կարևոր գործոններից են, նախարարը հավելել է. «Այս ոլորտում ամենաբարձր կետին հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու: Իսկ դրա համար մենք պետք է աշխատենք ավելի մեծ եռանդով ու ավելի շատ ջանք գործադրենք»:
Խոսելով տարածաշրւջանային ու համաշխարհային հակամարտությունների մասին, Ռեզա Աշթիանին նշել է. «ԱԹՍ-ների դերն այսօր անփոխարինելի է պատերազմի դաշտում, հետախուզական և օպերատիվ առաքելություններում, հսկողության, օպտիկական ազդանշանների ճանաչման, մարտական գործողությունների, անտառային տնտեսության և այլ ոլորտներում: Եվ այս ռազմավարական արտադրանքը, գործնական նշանակություն ունի ցամաքում, օդում և ծովում»: