Իրանի ու Սիրիայի միջև մեկնարկում է տնտեսական համագործակցության նոր փուլ
Իրանի արտգործնախարարը հայտարարել է Թեհրանի ու Բաղդադի միջև տնտեսական և առևտրային համագործակցության նոր փուլի մեկնարկի մասին:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Ամիր Աբդոլլահյանի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի երեկ կայացած հանդիպման ժամանակ, երկու երկրների պաշտոնյաները քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային համագործակցության ու միջազգային զարգացումների հետ կապված հարցեր:
Հանդիպմանը, նշելով, որ երկու երկրների տնտեսական ու առևտրային հարաբերություններում նոր փուլ է մեկնարկել, Ամիր Աբդոլլահյանը ողջունել է տարածաշրջանի երկրների հետ Սիրիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը, հավելելով. «Իրանը դեմ է ցանկացած պատերազմի և կոչ է անում հակամարտությունները լուծել երկխոսության և խաղաղ ճանապարհով»:
Խոսելով Վիեննայի բանակցությունների մասին, Աբդոլլահյանն ասել է. «Մենք մոտ ենք համաձայնության կայացմանը: Սակայն թեև ամերիկացիները հայտարարում են, թե ցանկություն ունեն լուծել խնդիրներն ու հասնել համաձայնության, նրանք պետք է նաև այդ ուղղությամբ գործնական քայլեր անեն»:
Խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին, Բաշար Ասադն ասել է. «Աֆղանստանում ԱՄՆ-ի պարտությունից և Ուկրաինայի պատերազմից հետո, բոլորի համար պարզ է, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕՆ-ն ի վիճակի չեն առաջ տանել իրենց համաշխարհային նպատակները»:
Բաշար Ասադն անդրադարձել է որոշ երկրների կողմից կիրառվող երկակի ստանդարտներին, հավելելով. «Այդ երկրները լռում են Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումների վերաբերյալ»:
Անհիմն համարելով բարի կամքի մասին ԱՄՆ պաշտոնյաների պնդումները և նշելով, որ Իրանը Վիեննայի բանակցություններում խելամիտ դիրքորոշում է որդեգրել, Ասադը հավելել է. «Սիրիայի համար կարևորը Վիեննայի բանակցությունների վերաբերյալ Իրանի տեսակետներն են և այդ ճանապարհին Բաղդադի աջակցությունը»։