Իրանի և Իրաքի ԱԳ նախարարներն ընդգծել են բոլոր պայմանավորվածությունների կատարումն արագացնելու անհրաժեշտությունը
Իրանի և Իրաքի ԱԳ նախարարները հեռախոսազրույցի ընթացքում վերանայել են երկկողմ հարաբերությունների շրջանակներում ձեռնարկված վերջին քայլերը և պայմանավորվել՝ արագացնել բոլոր նախկին պայմանավորվածությունների կատարումը։
Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույցում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որոշ հարցեր, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները, Վիեննայի բանակցությունները։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը, շնորհավորելով ռամազան սսրբազան ամսվա մեկնարկի կապակցությամբ, ընդգծել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար երկխոսության և դիվանագիտական լուծման վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը և նշել, որ ներկա ճգնաժամի արմատներին ուշադրություն դարձնելը կարևոր է Եվրասիական տարածաշրջանի կայուն խաղաղության և կայունության համար:
Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույցում անդրադարձել է երկրի ներքին վերջին զարգացումներին, Մոսկվա կատարած իր վերջին այցին և ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
Ամիր Աբդոլլահյանն իր իրաքցի գործընկերոջը հրավիրել է այցելել Իրան: Ֆուադ Հուսեյնն ընդունել է հրավերը: