Պակիստանի էներգետիկ ճգնաժամը հնարավոր կլինի լուծել Իրանից գազի ներկրմամբ
(last modified Thu, 11 May 2023 05:49:03 GMT )
Մայիս 11, 2023 09:19 Asia/Tehran
  • Պակիստանի էներգետիկ ճգնաժամը հնարավոր կլինի լուծել Իրանից գազի ներկրմամբ

Պակիստանի վարչապետի արդյունաբերության և արտադրության հարցերով հատուկ օգնական Թասնեեմ Ահմադ Ղորեյշին հայտարարել է, որ Իրանից այդ երկիր մուտք գործող գազատարի կառուցումը էներգետիկ ճգնաժամի լուծման միակ ճանապարհն է:

Պակիստանցի արդյունաբերողների հետ չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ Ղորեյշին նշել է, որ գազատարի կառուցումը Պակիստանին  հնարավորություն կտա բավարարել  աճող էներգետիկ կարիքները և նվազեցնել կախվածությունը նավթի ներմուծումից:

Անցած ամիս, Պակիստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ունեցած ելույթում, փոխարտգործնախարար Ասադ Մաջիդ Խանը նույնպես հայտարարել էր, որ Իսլամաբադը վճռական է ավարտին հասցնել Իրանից գազի տեղափոխման նախագիծը և դա կառավարության առաջնահերթությունն է»:

Պակիստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Մոհսեն Ջավեդ Դավարը վերջերս քննադատել է Իրանից եկող գազատարի կառուցման հարցում  Իսլամաբադի կառավարության անգործությունը, նշելով, որ պատժամիջոցները որպես պատրվակ ներկայացնելն անընդունելի է:

Իրան-Պակիստան գազային պայմանագրի վերջնաժամկետ է սահմանվել 2014թ.: Իրանն իր պարտավորությունները կատարել է սահմանված ժամկետից առաջ և գազատարը հասցրել Պակիստանի հետ սահմանին: Սակայն մոտ մեկ տասնամյակ անց, պակիստանյան կողմը, ամերիկյան պատժամիջոցների պատրվակով, դեռևս որևէ քայլ չի ձեռնարկել ստանձնած պարտավորությունների իրականացման ուղղությամբ։