Թեհրանում Շվեդիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
(last modified Fri, 30 Jun 2023 07:57:42 GMT )
Հունիս 30, 2023 11:27 Asia/Tehran
  • Թեհրանում Շվեդիայի  դեսպանը կանչվել է ԱԳՆ

Թեհրանում Շվեդիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան է փոխանցվել ԻԻՀ բողոքն ընդդեմ Ղուրանի անարգման:

Չորեքշաբթի օրը Շվեդիայում ոստիկանության թույլտվությամբ կայացած ակցիայի ժամանակ, որը տեղի է ունեցել Ստոկհոլմի մզկիթի մոտ, ակցիայի մասնակիցներն այրել են Ղուրանի օրինակը՝ բողոքի մեծ ալիք բարձրացնելով ամբողջ աշխարհում:

ԻԻՀ ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի բաժնի գլխավոր տնօրենը, դատապարտելով այս գործողությունը և  իսլամական ամենակարևոր սրբությունների անարգանքը,  դատապարտել է այս կապակցությամբ Շվեդիայի կառավարության լռությունն ու պասիվությունը, նշելով, որ դա ավելի համարձակ է դարձնում  մարդու իրավունքների հիմնական և ակնհայտ սկզբունքներից մեկի՝ կրոնական արժեքների հարգման սկզբունքը խախտողներին:

Նա նշել է, որ այս օրերին, երբ մուսուլմանները մեկնում են հաջի ուխտագնացության և տոնում մուսուլմանական ամենակարևոր տոներից մեկը, խոսքի ազատության պատրվակով նրանց սրբությունները վիրավորելը  միայն ատելություն տարածելու և բռնության կոչերի պատճառ է դառնում:

Նշելով, որ Շվեդիայում տեղի ունեցածն աննախադեպ չէ, ԻԻՀ ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի բաժնի գլխավոր տնօրենը նշել է, որ Իրանն այս կապակցությամբ իր բողոքը նախկինում նույնպես հայտնել է շվեդական կողմին և եթե այդ երկրի իշխանությունները ձեռնարկեին համապատասխան քայլեր, Ղուրանը պղծելու ակցիան չէր կրկնվի:

Նա հավելել է, որ ինչպես ամբողջ իսլամական աշխարհը, Իրանը նույնպես չի հանդուրժում Ղուրանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, հավելելով, որ Շվեդիայի կառավարությունից ակնկալվում է կատարել իր պարտականությունը` կանխելու մուսուլմանների հոգևոր և կրոնական արժեքները վիրավորող գորոծղությունների կրկնությունը:

Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, նշել է, որ իր երկրի կառավարությունը դեմ է իսլամաֆոբիայի ցանկացած դրսևորման և Իրանի բողոքը հնարավորինս շուտ կփոխանցի Ստոկհոլմին:

Արձագանքելով այս ակցիային, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հինգշաբթի օրը Twitter-ում գրել է. «Ողջ իսլամական աշխարհը խստորեն դատապարտում է սուրբ գրքերի և Սուրբ Ղուրանի նկատմամբ անարգանքը»:

Նա հավելել է. «Ժողովրդավարության և խոսքի ազատության պատրվակով իրականացվող նմանատիպ քայլերը միայն խրախուսում են ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը։ Եվ դրա հետևանքներին առաջին հերթին ականատես  է լինելու Արևմուտքը»: