Իրան-Հայաստան հարաբերությունների պատմական արմատները
Թեհրանի համալսարանի իրավագիտության և քաղաքական գիտությունների ֆակուլտետի ղեկավար և Կովկասագիտության հիմնադրամի գիտական կոմիտեի անդամ, դոկտոր Էբրահիմ Մոթաղին, Հայկական առաջին ալիքին տված հարցազրույցում խոսել է Իրանի հետ հայկական հարաբերությունների պատմական և հնագույն արմատների մասին:
Նա նշել է. «Իրանն ու Հայաստանն ունեն մշակութային և պատմական ընդհանուր արմատներ, ընդհանուր շահեր տարածաշրջանում: Բացի այդ, առկա են երկու երկրների դեմ ուղղված ընդհանուր սպառնալիքներ: Իրանը դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը: Հայաստանը նույնպես վարում է ստատուս քվոյի պահպանման քաղաքականություն: Հետևաբար, տեսնում եք, որ Իրանը և Հայաստանը համեմատաբար նույն անվտանգության և աշխարհաքաղաքական մոտեցումն ունեն։ Երբ մոտեցումն ու ընկալումը ընդհանուր են, բնական է, որ հող է ստեղծվում ընդհանուր քաղաքականության ձևավորման համար»:
Մոթաղին ասել է. «Իրանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը հարևանության քաղաքականությունն է: Սակայն որոշ հարևաններ ձգտում են փոխել ստատուս քվոն: Իրանը չի կարող ընդունել ստատուս քվոն փոխելու քաղաքականությունը, քանի որ այդ իրավիճակում հայտնվելու է աշխարհաքաղաքական շրջափակման մեջ։ Իրանի և Հայաստանի համագործակցությունն ուղղված է պատմական և տարածքային ձևաչափերի և բազմակողմ համագործակցության պահպանմանը։ Եթե Իրանի և Հայաստանի ցամաքային սահմանը փակվի, ապա հարևանության քաղաքականությունը չի գործի, և դա կփակի Իրանի և Հայաստանի շնչառության ճանապարհը։
Նա հավելել է. «Պատերազմը կանխելու համար Իրանն օգտագործում է զսպման և ուժի ցուցադրման քաղաքականությունը: Իրանի տարբերակը պատերազմը չէ, այլ սահմանների դեէսկալացիան, տարածաշրջանի մթնոլորտի վերահսկումը և սահմանների վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականության փոփոխությունը»:
Մոթաղին նշել է. «Ադրբեջանի քաղաքականությունն Իսրայելի հետ համագործակցելն է: Ադրբեջանը, Թուրքիան և Իսրայելը փորձում են սահմանափակել Իրանին: Ադրբեջանը չի ընդունում Իրանի և Հայաստանի համագործակցության քաղաքականությունը, քանի որ Իրանի տեսակետը հիմնված է դեէսկալացիայի, հավասարակշռության և համագործակցության վրա: Իսրայելը, Թուրքիան և Ջ.Ադրբեջանը կենտրոնացած են գերիշխանության վրա»:
Ըստ այս քաղաքական վերլուծաբանի՝ Իրանի տեսակետը հիմնված է Հարավային Կովկասում հավաքական համագործակցության վրա։ Իրանի խաղաղության հաստատման և դեէսկալացիայի ուղիներից մեկը Հարավային Կովկասի տարածաշրջանում բազմակողմ համագործակցությունն է: Իրանը փորձում է օգտագործել Ռուսաստանի և Վրաստանի ներուժը՝ Հարավային Կովկասի խնդրի լուծման համար։