Քանանի. Իրանի դեմ քաղաքական ճնշում գործադրելը հակառակ ազդեցությունն է ունենում
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում Իրանի դեմ քաղաքական ճնշման գործադրումը հակառակ արդյունք է ունենում»:
Չորեքշաբթի օրն արձագանքելով ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հրապարակված համատեղ հայտարարությանը, Նասեր Քանանին ասել է. «Այս հայտարարության մեջ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի առանցքայնությամբ, քննադատության է ենթարկվել գործակալության հետ Իրանի համագործակցությունը։ Համաձայն համատեղ հայտարարության՝ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունը տարեսկզբից զգալի առաջընթաց է գրանցել»:
Քանանին հավելել է. «Ցավում եմ, որ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, որոնք հակաիրանական դիրքորոշումներ ունեն, Իրանի և գործակալության միջև տեխնիկական համագործակցությունն օգտագործել են որպես իրենց քաղաքական քայլերի հիմք, և Կառավարիչների խորհրդում քարոզչություն իրականացնելով, փորձում են խեղաթյուրել անկեղծ համագործակցության վերաբերյալ փաստերը»։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հավելել է. «Իհարկե, նրանց այս քայլը նորություն չէ և զարմանալի էլ չէ: Իրանի Կառավարիչների խորհրդի նախորդ նիստում նույնպես նրանք նմանատիպ շոու էին կազմակերպել, հանդես գալով Իսլամական Հանրապետության հասցեին հնչեցված մեղադրանքներով»:
Քանանին հավելել է. «Այսօր մի խումբ երկրներ, որոնք դեմ են Արևմտյան խմբի ոչ կառուցողական մոտեցմանը, համատեղ հայտարարություն են տարածել՝ աջակցելով Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությանը և բարձր գնահատելով ձեռք բերված առաջընթացը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում այս երկրներին աջակցության և սկզբունքային դիրքորոշման համար»։
Նա հավելել է. «Իրանն առաջին իսկ հնարավորության դեպքում համաչափ պատասխան կտա եվրոպական երեք երկրների քաղաքական քայլին, և այդ պատասխանի մասին կտեղեկացնի գործակալության գլխավոր տնօրենին: Գործակալության Կառավարիչների խորհրդում Իրանի դեմ քաղաքական ճնշման գործադրումն անկասկած հակառակ արդյունք է ունենալու»: