Սրբազան պաշտպանության շաբաթ. Իրանի խորհրդարանում հայ պատգամավորը մեծարել է իրանցի ռազմիկների, հատկապես հայերի սխրագործությունը
Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության պատգամավոր՝ Արա Շահվերդյանը Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով ունեցած ելույթում ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իրաքի կողմից պարտադրված պատերազմը ոչ միայն իրավազրկվածի դեմ չարագործի պատերազմ էր, այլև երկու համոզմունքների, երկու ուսմունքների և աշխարհայացքների պատերազմ էր, որը Իրանի, Իրաքի և նրան աջակցող գերտերությունների կերպարում պատկերեց արդարության ու ազատության դիմակայությունը անարդարության ու ստրկության դեմ»:
Շահվերդյանը հարգել է իրանցի, հատկապես իրանահայ նահատակների հիշատակը և բարձր է գնահատել ազատամարտիկների ու անձնուրացների խիզախությունը և ասել .«Հենց այսպիսի վերաբերմունքն ու մտածողությունն էր, որ Իրանի դեմ Իրաքի ութամյա պատերազմն վերածեց «Սրբազան պաշտպանության» և այս համոզմունքը պատճառ դարձավ, որ Իրանի ժողովուրդը այլ կերպ մտածի պատերազմի մասին և իրանցիները միաձայն ու միասնական ոտնձգիչ թշնամուն դուրս մղեցին երկրից»:
Իսլամական խորհրդարանում իրանահայության պատգամավորն ասել է.«Իրանի ութամյա Սրբազան պաշտպանությունը Իրաքի բաասական ռեժիմի և նրա աջակիցների դաժան ագրեսիայի դեմ դարձավ մի ազգի հաստատակամության, խիզախության և զոհաբերության մնայուն լեգենդ, որն անկախ կրոնական և ազգային պատկանելիությունից իր հայրենիքը պաշտպանելու ճանապարհին հասել է արիության և նահատակության բարձունքներին, և անմահացրել իր անունը»:
Իրանում Սրբազան պաշտպանության շաբաթը մեկնարկել է 2023 թվականի սեպտեմբերի 22-ին: 1980 թվականի սեպտեմբերի 22-ին, Իրաքի բաասական վարչակարգը, նախապես մշակված ծրագրի համաձայն, և Իրանում Իսլամական Հանրապետության նորաստեղծ համակարգը տապալելու նպատակով, լայնածավալ պատերազմ սկսեց Իրանի դեմ, որը տևեց 8 տարի, սակայն չհաջողեց իրագործել իր նկրտումները: