Ավարտվել են ԻԻՀ բանակի ԱԹՍ-ների համատեղ զորավարժությունները
Չորեքշաբթի օրն ավարտվել են Իրանի բանակի ԱԹՍ-ների համատեղ զորավարժությունները:
Զորավարժությունների խոսնակ, բրիգադի գեներալ Ալիռեզա Շեյխը հայտարարել է. «Զորավարժությունների ընթացքում հետախուզական, մարտական, հարձակողական և էլեկտրոնային ԱԹՍ-ները հաջողությամբ իրականացրել են սահմանված առաջադրանքները»:
Նշելով, որ ԱԹՍ-ների երկկողմանի զորավարժություններն անցկացվում են առաջին անգամ, Ալիռեզա Շեյխը հավելել է. «Զորավարժություններին ներգրավված է եղել 200 ԱԹՍ: Զորավարժությունների օպերատիվ տարածքը ներառել է երկրի բոլոր շրջանները, Պարսից ծոցը, Հորմուզի նեղուցը և Օմանի ծովը»:
Ընդգծելով, որ զորավարժությունների ընթացքում կիրառված բոլոր ԱԹՍ-ները կառուցվել են Իրանում, Շեյխը հավելել է. «Ընդհանրապես, զորավարժությունների ընթացքում կիրառված բոլոր թռչող սարքերը, զենքը, հրամանատարական ու կառավարման համակարգերը, տեղական արտադրության էին»:
Նրա խոսքով. «Զորավարժություններում ներգրավված ԱԹՍ-ներն ինչպես նաև սպառազինությունն ու օպտիկական սարքավորումները, կառուցվել են ԻԻՀ բանակի, պաշտպանության նախարարության երիտասարդ մասնագետների կողմից, մասնավոր հատվածի, հատկապես՝ գիտահեն ընկերությունների համագործակցությամբ»:
Զորավարժության խոսնակը հավելել է. «Զորավարժության ընթացքում, մարտական գործողություններին զուգահեռ, իրականացվել են նաև մարդասիրական միջոցառումներ, ինչպիսիք են շարժական հոսպիտալի ստեղծումը և առողջապահական և բժշկական ծառայությունների մատուցումը»:
Նա նշել է. «Զորավարժության ուղերձն Իրանի թշնամիներին այն է, որ եթե մտածեն որևէ սադրանքի մասին, ապա Իրանի բանակի ԱԹՍ-ների ուժը երկրի երկաթե բռունցքներից միայն մեկն է, որը կհարվածի նրանց: Նրանք նաև պետք է պատրաստվեն ԻԻՀ ԶՈՒ հզորության թաքնված կողմերին»։
Բրիգադի գեներալ Ալիռեզա Շեյխը նշել է. «Իսլամական Իրանի զսպող ուժն այնքան մեծ է, որ համակարգի թշնամիները չեն կարող մտածել մեր երկրի վրա հարձակվելու մասին, և ես մեր բարեպաշտ և հեղափոխական ժողովրդին ասում եմ՝ ձեր զավակները մինչև մահ կանգնած են ազգի ու համակարգի գաղափարների պաշտպանության ճանապարհին և ցանկացած ագրեսորի ձեռքը կկտրեն մինչև գործի անցնելը»։