Իրանը Ռուսաստանի հետ տեղեկատվական անվտանգության ոլորտի համաձայնագիր է նախապատրաստում
Իրանի իսլամական խորհրդարանում պատգամավորներն հավանություն են տվել Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի բովանդակությանը, որը վերաբերում է տեղեկատվական անվտանգության ոլորտում Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության համաձայնագրի մասին օրինագծին: Հայտնում է IRNA գործակալությունն։
«Հիմք ընդունելով այս օրինագծի միասնական հոդվածը՝ հաստատվել է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը՝ ներառյալ ներածություն, 9 հոդված, հավելվածը և փաստաթղթերի փոխանակման թույլատվությունը»,-ասված է հաղորդագրությունում։
Գործակալության տվյալներով՝ կիրակի օրը Իրանի իսլամական խորհրդարանի բաց նիստում քննարկվել է Ազգային անվտանգության հանձնաժողովի զեկույցը` Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցության այս համաձայնագրի օրինագծի վերաբերյալ, որի ընդհանուր բովանդակությունը հաստատվել է 180 կողմ՝ 27 դեմ ձայներով։
Հանձնաժողովի խոսնակ Աբոլֆազլ Ամուիի խոսքով՝ երկու երկրների համագործակցությամբ օրինագիծը կարող է լուծումներ առաջարկել՝ հակազդելու պետությունների դեմ կիբերտարածությունում առաջացող սպառնալիքներին։