Ճապոնիան Իրանից խնդրել է մեծացնել ջանքերը՝ տարածաշրջանում հակամարտությունների տարածումը կանխելու համար
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը Իրանից խնդրել է ջանքեր գործադրել իրավիճակը վերահսկելու և տարածաշրջանում հակամարտությունների ու անկայունության տարածումը կանխելու համար։
Ժնևում Փախստականների համաշխարհային ֆորումի երկրորդ հանդիպման շրջանակում Ճապոնիայի արտաքին գործերի նախարար տիկին Յոկո Կամիկավան Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երկու երկրի խոր ու վաղեմի հարաբերություններին հավելել է,-Ճապոնիան շահագրգռված է Իրանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմամբ, և այդ նպատակով աջակցում է երկխոսություններին ու համատեղ խորհրդակցություններին։
Ճապոնիայի արտգործնախարարը ողջունելով Գազայի հատվածում հրադադարի հաստատման մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի ընդունումը, ասել է, որ Ճապոնիան կողմ է քվեարկել այս բանաձեւին։
Ընդգծելով իրավիճակը վերահսկելու և տարածաշրջանում հակամարտությունների ու անկայունության տարածումը կանխելու Իրանի ջանքերի ավելացման անհրաժեշտությունը՝ Կամիկավան ցանկություն է հայտնել շարունակել բանակցություններն ու խորհրդակցությունները Իրանի արտաքին գործերի նախարարի հետ։
Անդրադառնալով Պաղեստինում տեղի ունեցող զարգացումներին՝ Ամիր Աբդոլլահյանը բարձր է գնահատել Ճապոնիայի ջանքերն ու աջակցությունը՝ Գազայի հատվածում հրադադար հաստատելու ուղղությամբ և ասել է. -ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի կողմից Գազայում հրադադար հաստատելու բանաձևի վրա վետո դրվելը ոչ թե չօգնեց խաղաղությանը, այլ կանաչ լույս ցույց տվեց Իսրայելի ռեժիմին՝ Պաղեստինի ժողովրդին ավելի շատ կոտորելու համար։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեքշաբթի օրը ժամանեց Ժնև՝ «Մարդու իրավունքների իրավիճակը օկուպացված պաղեստինյան տարածքներում, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և միջազգային մարդասիրական իրավունքները» թեմայով նիստին, ինչպես նաև Փախստականների համաշխարհային ֆորումի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով։