Շահվերդյան․ Երիտասարդների մասնակցությունը ընտրություններին խրախուսելը առանցքային նշանակություն ունի ազգային համերաշխության ձևավորման հարցում
Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր՝ Արա Շահվերդյանը ընտրությունները համարել է Իսլամական Հանրապետության ժողովրդավարության հիմնաքարը և նշել, որ երիտասարդների մասնակցությունը ընտրություններին խրախուսելը առանցքային նշանակություն ունի ազգային համերաշխության ձևավորման հարցում։
Հունվարի 7-ին, իսլամական խորհրդարանի դռնբաց նիստում, դատապարտելով Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, Արա Շահվերդյանն ասել է․- Այս ահավոր դեպքի ժամանակ կանանց, տղամարդկանց, մայրերի, հայրերի և երեխաների անարդարացի կերպով նահատակությունը վկայում է համակարգի և ժողովրդի անքակտելի կապը խզելու հեղափոխության և մեր երկրի թշնամիների անզորության մասին։
Նա նշել է, որ ահաբեկիչների նպատակը մեր մեջ վախի, պառակտման և քաոսի սերմեր ցանելն է, սակայն նրանք սխալվել են իրենց հաշվարկներում, քանի որ չեն կարողացել հասկանալ այն ուժը, ինչը մեզ կապում է որպես ժողովուրդ։
Շահվերդյանը նշել է ․-Ահաբեկիչների ռումբերի և պայթյունների ձայնը կարող է ցնցել ամենամեծ շենքերը, բայց դա աննշան է և անլսելի Իրանի ազգի վճռականության և ժողովուրդն իր և հեղափոխության հետ կապած ուխտի դիմաց: Այս անգամ թշնամին պետք է ավելի լավ, քան երբևէ հասկացած լինի, որ իր վախկոտ գործողություններն ամրապնդել են ազգի վճռականությունը, և ավելի է մոտեցրել մեր՝ ցանկացած կրոն դավանող և ցանկացած լեզվով խոսող Իրանի ժողովրդիս տխուր ու զայրացած սրտերը։
Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավորը հայտնել է, թե մի աշխարհում, որտեղ մենք ականատես ենք Պաղեստինի անպաշտպան ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի բացահայտ և հակամարդկային հանցագործություններին, և մուսուլմաններն ու քրիստոնյաները զերծ չեն մնացել այս բռնազավթիչ ռեժիմի նողկալի հանցագործություններից, խաղաղության ապահովման և մարդկային արժեքների պահպանման գործում, ինչպես նաև ահաբեկիչների և ահաբեկչությունը հովանավորող պետությունների դիմաց պայքարում, առավել քան երբևե զգացվում է այնպիսի անձնավորությունների դերը, ինչպիսին են նահատակ Սոլեյմանին և նահատակ Ռազի Մուսավին։
Շահվերդյանն ասել է․- Ահաբեկիչներին և նրանց աջակիցներին, հատկապես Սիոնիստական ահաբեկչական ռեժիմին և ահաբեկչությանը սատարող պետություններին ուղղված մեր հստակ պատգամն այն է, որ նրանք պատասխան են տալու այնքան, որքան այդ հանցագործությունները վերագրվի իրենց:
Նա նշել է, որ այդ ահավոր ակտից հետո, ականատես եղանք կառավարության արագ և արդյունավետ արձագանքին, նախագահի ու պաշտոնյաների անձնական ներկայությանը վթարի վայրում և փրկվածներին օգնելու և հանրային անվտանգությունն ապահովելու համար ձերնարկված քայլերին, ինչն արժանի է շնորհակալություն և գնահատանքի։ Խորհրդարանը, ևս որպես ժողովրդի համերաշխության ձայն, արագ և արդյունավետ միջոցներ է ձեռնարկել այս ահաբեկչությունը դատապարտելու համար։
Անդրադառնալով կառավարության՝ միջազգային կազմակերպությունների և միությունների հետ ակտիվ փոխգործակցության ձգտմանը, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը, BRICS-ին և Եվրասիական տնտեսական միությանը միանալուն, Շահվերդյանն ասաց․- Այս հաստատությունների և միջազգային կազմակերպությունների հետ համահունչ լինելը երկրի դռները բացում է տնտեսական աճի, մշակութային փոխանակման և տարբեր ոլորտներում առաջընթացի հսկայական հնարավորությունների առջև։
Նա արտաքին քաղաքականության հիմնաքարը համարեց կառավարության ակտիվ դիվանագիտությունը հատկապես հարեւան երկրների հետ հարաբերություններում և հավելեց․- Հարևանների հետ ամուր և բարեկամական հարաբերությունների ստեղծումը խթանում է կայունությունը, մեծացնում է բիզնեսի հեռանկարները և ստեղծում աճի և փոխըմբռնման հնարավորություններ: Մեր հավատարմությունը ակտիվ դիվանագիտությանը և հարևանության ու տարածաշրջանային հարցերի առաջնահերթությանը և հաստատ համոզմունքը, որ տարածաշրջանային վեճերն ունեն տարածաշրջանային լուծումներ, արդյունավետ են ոչ միայն երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ամրապնդման, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման համար:
Անդրադառնալով ընտրությունների և ժողովրդի մասնակցության նշանակությանը, Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր՝ Արա Շահվերդյանն ասաց․- Ընտրությունները Իսլամական Հանրապետության ժողովրդավարության հիմնաքարն է․ Ընտրությունների միջոցով ժողովուրդը կարող է ընտրել մարդկանց, ովքեր երկիրը կտանեն դեպի առաջընթաց, զարգացում և բարգավաճում։ Այս առումով երիտասարդների մասնակցությունը ընտրություններին խրախուսելը առանցքային նշանակություն ունի ազգային համերաշխության ձևավորման հարցում։ Ըստ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի, «Հանրապետություն» և «Իսլամական» բառերը երկուսն էլ կապված են ընտրությունների հետ, և ժողովրդի խանդավառ մասնակցությունը ընտրություններին՝ վկայում է Իրանի ժողովրդի ազգային միասնության և ազգային ոգու մասին, որի դրսևորումն ազգային հզորությունն է։