Իրանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Զանգեզուրի կեղծ միջանցքի մասին Թուրքիայի չարաբաստիկ հայտարարությանը
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին այսօր արձագանքելով Զանգեզուրի կեղծ միջանցքի մասին Թուրքիայի չարաբաստիկ հայտարարությանը, ընդգծել է, որ առևտրային և տարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող հիմք հանդիսանալ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների համար։
Թեեւ Իրանը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տալու աշխարհաքաղաքական ու սահմանային փոփոխություններ տեղի ունենան Իրանի հյուսիսում, և Հայաստանը նույնպես հայտարարել է, որ ոչ մի երկրի միջանցք չի տրամադրելու, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլղադեր Ուրալօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ակնկալում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն ավարտին հասցնել մինչև 2028 թվականը։
Իրանի ԱԳՆ խոսնակն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի այս հայտարարության մասին ասել է,-«Ես տեղյակ չեմ հայտարարությունների ճշգրտության մասին, բայց մենք ունենք հստակ դիրքորոշում տարածաշրջանում, հատկապես Կովկասում տիրող իրավիճակի, տարածաշրջանում խաղաղության ու կայունության, միջանցքների ու տարանցիկ անցումների վերաբերյալ։Մենք ընդգծում ենք տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը հանուն խաղաղության և կայունության, և առևտրատնտեսական , տրանսպորտային ու տարանցիկ համագործակցության»։
«Մենք մշտապես ընդգծել ենք, որ առևտրային և տարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող հիմք հանդիսանալ աշխարհաքաղաքական փոփոխությունների և երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության խախտման համար»,- ասել է Քանանին։
Նշենք, որ Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդն ավելի վաղ զգուշացրել էր միջազգային սահմանների անվտանգության վերաբերյալ և ասել. «Երկու կողմերը (Երևանը և Բաքուն) չպետք է ոտնձգություն կատարեն միջազգային սահմանների նկատմամբ և ահաբեկիչները չպետք է տեղակայվեն մեր սահմանների մոտ։ Տեղեկություններ կան այդ մասին։ Ահաբեկիչները չպետք է մոտենան մեր սահմաններին, որովհետև եթե նրանք անեն դա, խիստ պատասխան կստանան»: