Իրանի ռազմական ակտիվացումն ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանի ու ՀՀ–ի վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i212550-Իրանի_ռազմական_ակտիվացումն_ինչ_ազդեցություն_կունենա_տարածաշրջանի_ու_ՀՀ_ի_վրա
Իրանի կողմից վերջին քայլերը Իրաքում և Սիրիայում ու ակտիվ ռազմավարություն որդեգրելը դեռ չի նշանակում, որ նրա ուշադրությունը պակասում է Հարավային Կովկասից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը` մեկնաբանելով, թե Իրանի ակտիվացումը և ռազմական գործողություններում ներգրավվելն ինչ ազդեցություն կունենան մեր տարածաշրջանի ու ՀՀ–ի վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2024 08:10 Asia/Tehran
  • Իրանի ռազմական ակտիվացումն ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանի ու ՀՀ–ի վրա

Իրանի կողմից վերջին քայլերը Իրաքում և Սիրիայում ու ակտիվ ռազմավարություն որդեգրելը դեռ չի նշանակում, որ նրա ուշադրությունը պակասում է Հարավային Կովկասից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը` մեկնաբանելով, թե Իրանի ակտիվացումը և ռազմական գործողություններում ներգրավվելն ինչ ազդեցություն կունենան մեր տարածաշրջանի ու ՀՀ–ի վրա։

Նշենք, որ հունվարի 17-ին Իրանը հրթիռային հարվածներ էր հասցրել Պակիստանի     «Ջեյշ օլ-Զոլմ» ահաբեկչական խմբավորման կենտրոնակայանի վրա։ Նախօրեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը  Հյուսիսային Իրաքի քրդական շրջանում գնդակոծել էին հակաիրանական ահաբեկչական խմբավորումների բազաները և Սիրիայում գտնվող որոշ թիրախներ, որոնք, ըստ Թեհրանի, կապված են «ԻԼԻՊ» ահաբեկչական խմբավորման հետ։ Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին  լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենց համար կապ չունի` Արևելք, թե Արևմուտք, և որ Իրանին ուղղված ցանկացած սպառնալիք ցանկացած վայրից համարժեք պատասխանի է արժանանալու։

Մելքոնյանի խոսքով` Իրանի այսպիսի պահվածքը նշանակում է, որ ինքն ունի քաղաքական կամք պաշտպանելու պրեվենտիվ իր շահերը։

«Այո, Իրանը իր որոշ իր ուժերը և ուշադրությունը կակտիվացնի Սիրիայում, Իրաքում, Եմենում Լիբանանում, բայց դա չի նշանակում, որ ինքը դա կանի Հարավային Կովկասում իր հաշիվների շնորհիվ։ Հարավային Կովկասը մնալու է իրենց տարածաշրջանային առաջնահերթությունների շարքում։ Իրանը ցույց տվեց, որ պատրաստ է պաշտպանել իր շահերը նաև իր սահմաններին մոտ` Հարավային Կովկասում»,–ասաց վերլուծաբանը։

Ասվածի օրինակը նաև Իրանի կողմից «Զանգեզուրի միջանցք» կոչվածի վերաբերյալ հայտարարություններն ու պատասխաններն են ադրբեջանական և թուրքական կողմի հայտարարություններին։

«Իրենք հիմնականում հռետորական, պաշտոնական մակարդակով ցույց են տալիս, որ ինչ էլ լինի Մերձավոր Արևելքում պահելու են իրենց դիրքերն այս տարածաշրջանում»,–նշեց նա։

Ինչ վերաբերում է ռազմական գործողություններին, Մելքոնյանն ընդգծում է, որ թեպետ Իրանի հարվածն ուղղված էր «ԻԼԻՊ», սակայն իրականում հարվածների աշխարհագրությունը ցույց է տալիս, որ այն ուղված էր նաև ԱՄՆ–ի ու Իսրայելի դիրքերին Իրաքյան Քրդստանում, ահաբեկչական կազմակերպություններին, որոնք հովանավորվում են նաև Թուրքիայի կողմից և այլն։ Պատճառն այն է, որ Իրանը փաստացի սպառնալիք էր տեսնում այդ երեք պետություններից` Սիրիայից, Իրաքից և Պակիստանից։

Միևնույն ժամանակ վերլուծաբանն ընդգծում է` այժմ ո՛չ Իրանը, ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ ԱՄՆ–ն շահագրգռված չեն տարածաշրջանում մտնել  լայնածավալ պատերազմի մեջ, սակայն բոլորն աշխատում են պահել իրենց «կարմիր գծերը», որը բնականաբար կարող է հանգեցնել էսկալացիայի նոր մակարդակի։

Հիշեցնենք, որ ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան հունվարի 12–-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի հյուսիսում իշխող և Իրանի կողմից աջակցվող շիական «Անսար Ալլա» (հութիների) շարժման օբյեկտներին՝ դա անվանելով որպես պատասխան Կարմիր ծովում նավարկության ազատության դեմ սպառնալիքին:

«Անսար Ալլա» բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամեդ Ալի Ալ–Հուսին դա որակել Է ահաբեկչական բարբարոսություն և կանխամտածված ու չարդարացված ագրեսիա: