ԻԻՀ փոխարտգործնախարար․ Տարածաշրջանում արտաքին ուժերի միջամտությունը վնասակար կլինի
Իր հայ գործընկերոջ հետ Թեհրանում կայացած հանդիպմանն ընդգծելով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևորությանը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն արագացնելու անհրաժեշտությանը, ԻԻՀ փոխարտգործնախարար Ալի Բաղերին նշել է, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն առանց արտաքին ուժերի միջամտության, քանի որ այդ միջամտությունը «վնասակար» կլինի և ավելի կբարդացնի իրավիճակը։
ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ով երկու երկրների փոխարտգործնախարարների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլի շրջանակում մեկնել է Իրան, շաբաթ օրը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի և փոխարտգործնախարար Ալի Բաղերիի հետ։
Հանդիպումների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային ու միջազգային զարգացումների շուրջ։
ԻԻՀ փոխարտգործնախարարն անդրադառնալով երկու հարևան և բարեկամ երկրների միջև հարաբերությունների աճի միտմանն ընդգծել է հայ և իրանցի պաշտոնյաների միջև շարունակական խորհրդակցությունների արդյունավետ դերը համագործակցության մակարդակի բարձրացման գործում։
Անդրադառնալով Գազայի աղետալի վիճակին, Ալի Բաղերին նշել է, որ դա ոչ միայն բացահայտ ցեղասպանություն է, այլև մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Նա նշել է, որ միջազգային մասկարդակով բոլորը պետք է պատասխանատվություն կրեն Գազայում հումանիտար աղետալի իրավիճակի շարունակման համար։
Ալի Բաղերին ասել է․ «Ժամանակակից աշխարհում օկուպանտ ռեժիմի կողմից նման հանցագործությունների կատարումն աններևակայելի է և բոլոր կառավարությունները պետք է փորձեն հնարավորինս արագ վերջ տալ այս մեծ մարդկային և պատմական աղետին»:
Իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանը ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխության պահպանման վերաբերյալ դիրքորոշման համար և ընդգծել Թեհրանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը։
Կոստանյանը ողջունել է նաև իրանական ընկերությունների ներկայությունը Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում և կարևորել բազմակողմ համագործակցությունը տրանսպորտային ծրագրերի, հատկապես Պարսից ծոց-Սև ծով միջանցքի շրջանակներում։