Գուտերեշն արձագանքել է Բաղերիի հայտարարությանը․ Իրանն իրավունք ունի պաշտպանել իր ազգային անվտանգությունը
ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ հեռախոսազրույցում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Իրանն օրինական իրավունք ունի պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և ազգային անվտանգությունը։
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Թեհրանում Իսմայիլ Հանիեյի կացության վայրի վրա իրականացված հարձակման հետևանքով, ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավարը և նրա թիկնապահը նահատակվել էին։
«Մեհր» գործակալության հաղորդման համաձայն՝ ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Ալի Բաղերին հեռախոսազրույցում ասել է․ «Սիոնիստական ռեժիմի կողմից Թեհրանում իրականացված ահաբեկչական գործողությունը ոչ միայն խախտել է Իրանի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունն, այլև վտանգել տարածաշրջանային և միջազգային խաղաղությունն ու կայունությունը։ Թեհրանը չի հրաժարվելու ինքնապաշտպանության իր օրինական իրավունքից և պատասխան քայլով պատժելու է հանցագործ սիոնիստներին»։
Բաղերին անդրադարձել է Իրանի առաջարկով ԱԽ արտահերթ նիստի անցկացմանը և դատապարտել ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների կողմից Հանիեյի սպանության դատապարտումը կանխելու քայլը։
Նա նշել է․ «Սիոնիստական ռեժիմի այս ագրեսիվ գործողությունը կվտանգի տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, և միջազգային հանրությունը պետք է կանգնի այս հանցավոր ռեժիմի դեմ՝ միջազգային խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար»։
ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև Թեհրանի առաջարկով Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների արտակարգ հանդիպման անցկացմանը՝ Սիոնիստական ռեժիմի հանցավոր գործողությունները դատապարտելու նպատակով։
Գուտերեշը նշել է, որ մի հայտարարությամբ դատապարտել է Բեյրութի և Թեհրանի վրա Սիոնիստական ռեժիմի իրականացրած հարձակումները։ Եվս մեկ անգամ դատապարտելով Բեյրութի հարավային շրջանի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումը և Թեհրանում Իսմայիլ Հանիեյի սպանությունն Անտոնիո Գուտերեշն ասել է․ «Միջազգային իրավունքի համաձայն՝ Իրանն իրավունք ունի օրինական կերպով պաշտպանել իր ազգային անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը»։
Նա նաև մտահոգություն է հայտնել Լիբանանում լայնամասշտաբ պատերազմի հավանականության և դրա հետևանքների կապակցությամբ։
Հեռախոսազրույցի ավարտին Ալի Բաղերին ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Սիոնիստական ռեժիմի վրա՝ դադարեցնելու ռեժիմի հանցագործությունները Գազայում և փրկելու պաղեստինցիներին Թել Ավիվում իշխող հանցավոր խմբավորումից։