Իրանի պատասխանը կտարբերվի Իսրայելին հասցված ապրիլյան հարվածից. դեսպան
(last modified Sun, 08 Sep 2024 14:54:19 GMT )
Սեպտեմբեր 08, 2024 18:24 Asia/Tehran
  • Իրանի պատասխանը կտարբերվի Իսրայելին հասցված ապրիլյան հարվածից. դեսպան

Իրանական իշխանությունները ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար համահունչ պատասխան կտան Իսրայելին, բայց Թեհրանի միջոցներն այլ կերպ կլինեն, քան ապրիլի հարվածն էր։ Այս մասին հայտարարել է Իրաքում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ Սադեղը։

«Ապագա գործողությունների պատասխանը կտարբերվի պարամետրերով, իրականացմամբ և հզորությամբ։ Դրանք կորոշեն անվտանգության ուժերի և զինված ուժերի հրամանատարները համապատասխան ժամկետներում և վայրում»,– Ալ Սադեղի խոսքը մեջբերում է «Մեհր» գործակալությունը։

Նա պարզաբանել է, որ եթե 2024 թվականի ապրիլի 14–ին «Ճշմարիտ խոստում» առաջին օպերացիայի ժամանակ Իրանի հարվածներն ուժի ցուցադրում էին, ապա երկրորդ նման գործողությունը կդառնա ուժի կիրառում։

Հիշեցնենք` հուլիսի վերջին Թեհրանում սպանվեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Նա Իրանի մայրաքաղաք էր մեկնել՝ մասնակցելու երկրի նոր նախագահի երդմնակալությանը: Շարժումը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրեց Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարեց, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Իսրայելի ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն մեկնաբանում Հանիայի սպանությունը: ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը հայտարարեց, որ ԱՄՆ-ն առնչություն չունի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան հետ։

Հուլիսի 31-ի երեկոյան ամերիկյան «New York Times» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, պնդեց, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: Ավելի ուշ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ Թեհրանը, հետևելով միջազգային իրավունքին, իրեն իրավունք է վերապահում Հանիայի սպանությանը արձագանքել այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ համարի: