Իրանը մերժում է ցանկացած «թաքնված օրակարգ»՝ ուղղված տարածաշրջանի ապակայունացմանը
Հայաստանն առանձնահատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ՝ ասել է Իրանի փոխարտգործնախարար Մոհամմադ Հասան Շեյխ-օլ-էսլամին «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում տեղի ունեցած «Հարավային Կովկասը խաչմերուկում. մասնատման և համագործակցության միջև» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
«Կա լուրջ քաղաքական կամք Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու բոլոր ոլորտներում և հարթակներում։ Մենք գոհ ենք հարաբերությունների ներկա մակարդակից։ Միևնույն ժամանակ, վճռական ենք օգտագործել առկա բոլոր կարողությունները երկու երկրների միջև բարեկամությունը խորացնելու, շփումներն ընդլայնելու և համագործակցությունը մեծացնելու համար»,- ասել է փոխարտգործնախարարը։
Նա ընդգծել է, որ Իրանի և Հայաստանի սահմանները խաղաղության, բարեկամության, հույսի և կյանքի սահմաններ են, պատմական հարաբերությունների, մարդկանց միջև հաղորդակցության և խաղաղ գոյակցության սահմաններ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը եղել է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շարժիչ ուժը: Մենք լիովին աջակցում ենք Հարավային Կովկասում կայուն խաղաղությանն ու կայունությանը և այս առումով ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղ բանակցությունները։ Ընդգծում ենք խաղաղության համաձայնագրի ստորագրումն արագացնելու անհրաժեշտությունը։ Մենք պատրաստ ենք օգնել մեր հարևաններին հնարավորինս շուտ հարթել վեճերը»,- ասել է փոխարտգործնախարարը։
Նա նշել է, որ Իրանը աջակցում է ուժեղ և միասնական տարածաշրջանի ձևավորմանը և կողջունի տարածաշրջանի տրանսպորտային ուղիների վերաբացումը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու իրավասությունը հարգելու անհրաժեշտությունը։
«Մենք կարծում ենք, որ Հարավային Կովկասը չպետք է դառնա մրցակցության դաշտ արտաքին ուժերի պայքարի համար։ Այս համատեքստում մենք վճռականորեն դեմ ենք ցանկացած թաքնված օրակարգի, որը կարող է ապակայունացնել տարածաշրջանը և հիմքեր ստեղծել միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության համար»,- հայտարարել է իրանցի դիվանագետը:
Մոհամմադ Հասան Շեյխ-օլ-էսլամին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը սատարում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմքում ընկած հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավասությունը և փոխադարձությունը: