Ահմադյան. Իրանի նոր կառավարությունը հետևում է Թեհրան-Պեկին հարաբերությունները զարգացնելու քաղաքականությանը
ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն ասել է, որ նոր կառավարությունը հետևում է Թեհրան-Պեկին հարաբերությունները զարգացնելու քաղաքականությանը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած ԲՐԻԿՍ անդամ երկրների անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման շրջանակում, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանը հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիին։
Նշելով, որ Իրանի և Չինաստանի միջև երկարաժամկետ համագործակցության փաստաթղթի գործադրման դյուրացումն ու այդ ճանապարհին առկա խոչընդոտների վերացումն օրակարգում է, Ահմադիանը հավելել է․ «Թեհրան-Պեկին երկկողմ և բազմակողմ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային և միջազգային խաղաղության և կայունության ամրապնդմանը»։
Հանդիպմանը Չինաստանի ԱԳ նախարարը նշել է, որ այլ երկրները չեն կարող ազդել Պեկին-Թեհրան հարաբերությունների վրա, և որ Չինաստանը պաշտպանում է Իրանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Նշելով, որ ԻԻՀ տարածաշրջանային խոշոր տերություն է, Վան Յին հավելել է, որ Պեկինը հավատարիմ է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրին և դիտարկում է համագործակցության նոր ոլորտներ։
Վան Յին ընդգծել է, որ Պեկինը և Թեհրանը դիմակայում են նույն մարտահրավերներին ու սպառնալիքներին, ուստի պետք է համագործակցեն միմյանց հետ և չեզոքացնեն Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի դեմ ուղղված ԱՄՆ-ի քայլերը։ Նա հավելել է, որ Պեկինը պատրաստ է ամրապնդել համագործակցությունը Թեհրանի հետ տրանսպորտային միջանցքների շրջանակներում։
Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացավ ԲՐԻԿՍ անդամ երկրների անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը։
Հանդիպմանն Իրանից բացի մասնակցել են Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Հարավային Աֆրիկայի, ԱՄԷ-ի և Եթովպիայի պաշտոնյաները։ Հանդիպումը կավարտվի այսօր։