Զբոսաշրջության նախարար. Իրանը դարձնենք զբոսաշրջիկների առաջին ընտրությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i229738-Զբոսաշրջության_նախարար._Իրանը_դարձնենք_զբոսաշրջիկների_առաջին_ընտրությունը
Նշելով, որ Իրանը գտնվում է մեդիա պատերազմի մեջ, ԻԻՀ Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարն ասել է. «Այս պատերազմում անպայման հաղթելու են իրանցիները, և հաշվի առնելով երկրի զբոսաշրջային ներուժը, մենք պետք է Իրանը դարձնենք զբոսաշրջիկների առաջին ընտրությունը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2025 06:24 Asia/Tehran
  • Զբոսաշրջության նախարար. Իրանը դարձնենք զբոսաշրջիկների առաջին ընտրությունը

Նշելով, որ Իրանը գտնվում է մեդիա պատերազմի մեջ, ԻԻՀ Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարն ասել է. «Այս պատերազմում անպայման հաղթելու են իրանցիները, և հաշվի առնելով երկրի զբոսաշրջային ներուժը, մենք պետք է Իրանը դարձնենք զբոսաշրջիկների առաջին ընտրությունը»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Գիլան կատարած երկօրյա այցի շրջանակներում նահանգային ճանապարհորդական ծառայությունների կենտրոնակայան կատարած այցի ժամանակ, սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին հայտարարել է. «Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օտարերկրյա զբոսաշրջիկների 85 տոկոսն Իրան այցելելիս բացասական կարծիք ունի երկրի մասին, սակայն վերադարձին այդ կարծիքն արմատապես փոխվում է։ Նրանք չեն հավատում, որ Իրանն այդքան ապահով և գեղեցիկ է։ Ուստի մենք պետք է իմանանք, որ մենք գտնվում ենք լրատվական պատերազմի մեջ և, նկատի ունենալով դա, Իրանը դարձնենք օտարերկրյա զբոսաշրջիկների առաջին ընտրությունը»։

Խոսելով առողջապահական զբոսաշրջության մասին, որպես երկրի կարողություններից մեկը, նախարարն ասել է․ «Մեր երկիր են ժամանում նաև շատ մեծ թվով զբոսաշրջիկներ՝ առողջապահական ծառայություններ ստանալու նպատակով։ Հետևաբար, զարգացման յոթերորդ ծրագրում մենք նպատակ ենք սահմանել խթանել այս ոլորտը»: 

Նշելով, որ զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ քննարկումներում կարևոր է երեք հասկացություն՝ գրավչությունը, անվտանգությունը և ենթակառուցվածքները, Սալեհին հավելել է, որ զբոսաշրջության 20, այդ թվում՝ առողջապահական, բնական, մշակութային, պարենային և գյուղատնտեսական ճյուղերում, Գիլանն Իրանի անվտանգ և մեծ հնարավորություններով նահանգներից է։

Նա նշել է․ «Նահանգի համար պետք է մշակվի հնգամյա ծրագիր, երեք ուղղություններով՝ մշակութային ժառանգություն, զբոսաշրջություն և արհեստագործություն։ Առանց ծրագրի առաջ գնալը նշանակում է դոփել տեղում։ Գիլանը թռիչքային կետում է։ Պետք է խուսափել ցանկացած կոնֆլիկտից և շարժվել ըստ ծրագրի, իսկ ծրագիրը ենթադրում է անդրադառնալ նաև մարդկանց մտահոգություններին ու լսել նրանց գոհունակությունը»։

Ընդգծելով, որ ներդրողների համար խոչընդոտները պետք է վերացվեն, նախարարն ասել է.«Զբոսաշրջությունը փրկելու ճանապարհը ներդրողներին երաշխիքներ տրամադրումն է։   Ուստի նրանց մտահոգություններն ու խնդիրները պետք է ուսումնասիրվեն ու լուծում ստանան, և դա արվում է»։

Անդրադառնալով Նոռուզին, Սալեհին զբոսաշրջության ոլորտի բոլոր ակտիվիստներին հորդորել է, ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ լինել մաքսիմալ պատրաստված։

Նախարարը երկօրյա այցով մեկնել է Գիլան նահանգ՝ ծանոթանալու զբոսաշրջության ոլորտում առկա մարտահրավերներին ու հնարավորություններին: