Իրանը մտահոգություն է հայտնել Սիրիայում զարգացումների վերաբերյալ
Արձագանքելով Սիրիայի տարբեր շրջաններում բռնությունների մասին հրապարակված լուրերին՝ Իրանը հայտարարել է, որ ուշադրությամբ ու մտահոգությամբ հետևում է այդ երկրի ներքին զարգացումներին։
Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, Pars Today-ը հաղորդում է, որ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային այս կապակցությամբ հայտարարել է․ «Իրանն ուշադրությամբ ու մտահգությամբ հետևում է Սիրիայի ներքին զարգացումներին»։
Բաղային ընդգծել է ԻԻՀ սկզբունքային դիրքորոշումը՝ Սիրիայում անվտանգության և կայունության պահպանման, բոլոր էթնիկ խմբերի խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, երկրի տարածքային ամբողջականության և միասնության պահպանման անհրաժեշտության վերաբերյալ, հատկապես Սիոնիստական ռեժիմի ագրեսիաների և սպառնալիքների պայմաններում։
Նա նշել է․ «Իրանը, հիշեցնելով Սիրիայի բոլոր քաղաքացիների անվտանգության ապահովման հարցում ժամանակավոր կառավարության պարտականությունները, կտրականապես դեմ է անապահովությանը, բռնությանը և անմեղ ժողովրդի սպանությանը, քանի որ դա կնպաստի երրորդ կողմի, հատկապես՝ Սիոնսիտական ռեժիմի ագրեսիայի ավելացմանը»։