Արաղչի. Ճնշման պայմաններում բանակցությունները մենք անգամ չենք քննարկում
Նշելով, որ Իրանի միջուկային ծրագիրը միշտ եղել է խաղաղ, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է․ «Բանակցությունները տարբերվում են ահաբեկելուց և հրաման տալուց»:
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ սեյեդ Աբբաս Արաղչին X-ում գրել է․ «Իրանի միջուկային ծրագիրը միշտ եղել է և կլինի լիովին խաղաղ, և դրանում «ռազմականացում» սկզբունքորեն գոյություն չունի»:
X-ում արած գրառման մեջ, անդրադառնալով Իրանի դեմ ուղղված Թրամփի սպառնալիքներին, Արաղչին նշել է․ «Բանակցությունները տարբերվում են ահաբեկելուց և հրամաններ տալուց: Մենք չենք բանակցելու ճնշման և ահաբեկության պայմաններում։ Մենք նման բանակցությունները նույնիսկ քննարկման արժանի չենք համարում, անկախ նրանից, թե ինչ թեմա է: Բանակցությունը տարբերվում է ահաբեկելուց և հրահանգ տալուց»:
Նա նշել է․ «Մենք այժմ խորհրդակցում ենք երեք եվրոպական երկրների հետ, և առանձին՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ, հավասար պայմաններով և փոխադարձ հարգանքի հիմամբ։
Նրանց նպատակը ապօրինի պատժամիջոցների չեղարկման դիմաց Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վստահություն և թափանցիկություն ստեղծելու ուղիներ փնտրելն է»:
Արաղչին հավելել է, որ նախկինում, երբ ԱՄՆ-ը հարգանքով էր վերաբերվում Իրանի հետ, փոխարենը ստանում էր հարգալից վերաբերմունք, սակայն հիմա, երբ սպառնալից դիրքորոշում է ընդունել, բախվել է Թեհրանի հակազդեցությանը։
Մարտի 8-ին Իրանի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, այաթոլլահ Խամենեին գոհունակություն էր հայտնել ԱԳՆ ակտիվ աշխատանքի կապակցությամբ և ընդգծել հարևանների և այլ երկրների հետ փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Նա նշել էր․ «Որոշ օտարերկրյա կառավարություններ և կռվարար գործիչներ պնդում են բանակցությունների անցկացման վրա, մինչդեռ նրանց նպատակը ոչ թե հարցերը լուծելն է, այլ գերակայելն ու իրենց ուզած հարցերը պարտադրելը։ Եթեմենք ընդունենք նրանց պայմաններով բանակցությունները, նրանք կուրախանան, եթե մերժենք՝ մեզ կմեղադրեն»։
Առաջնորդի խոսքով․ «Նրանց խնդիրը միայն միջուկային խնդիրը չէ։ Բանակցությունները նրանց համար նոր պահանջներ ներկայացնելու միջոց են, այդ թվում՝ պաշտպանական կարողությունների և միջազգային կարողությունների ոլորտում։ Նրանք պահանջելու են, որ մենք չանենք այսինչ բանը, չհանդիպենք այսինչ անձի հետ, հրթիռի հեռահարությունը այսինչ կետից այն կողմ չմեծացնենք։ Սակայն Իրանը չի ընդունի նման պայմաններ»։
Նա հավելել է, որ բանակցությունների մասին մյուս կողմի պնդումների նպատակը հասարակական կարծիքի վրա ճնշում գործադրելն է։
«Նրանք փորձում են հասարակության մեջ կասկած առաջացնել, թե ինչու, չնայած բանակցությունների պատրաստակամության մասին իրենց հայտարարությանը, մենք պատրաստ չենք բանակցել, մինչդեռ նրանց նպատակը ոչ թե բանակցությունն է, այլ գերիշխանությունն ու պարտադրումը», - ասել է առաջնորդը։