Փեզեշքյան․ Իրանը հաստատակամ է Իրաքի հետ իր բոլոր պայմանավորվածություններն իրագործելու հարցում
Pars Today - Իրաքի վարչապետի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահն ասել է.- Իրանը հաստատակամ է Իրաքի հետ իր բոլոր պայմանավորվածություններն իրագործելու հարցում։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA լրատվական գործակալությունը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը երեքշաբթի կեսօրին Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցում շնորհավորելով իրաքցի պաշտոնյաներին ու ժողովրդին իսլամական Այդ ալ-Ֆիտր բարեբաստիկ տոնի կապակցությամբ, ասել է,-Իրանի Իսլամական Հանրապետությունը շահագրգռված է տարբեր ոլորտներում ընդլայնել հարաբերությունները իր վաղեմի բարեկամի, եղբոր և հարևանի հետ։
Հուսալով ,որ իսլամական բոլոր երկրների միջև կամրապնդվի միասնությունը, Իրանի նախագահը հավելել է. «Մենք հաստատակամ ենք իրագործել Իրաքի հետ մեր բոլոր պայմանավորվածությունները, որպեսզի առավել քան երբևէ ամրապնդելով երկու երկրների և այլ իսլամական ու հարևան երկրների միջև եղբայրական հարաբերությունները, կարողանանք չեզոքացնել տարածաշրջանի երկրների միջև պառակտում առաջացնելու թշնամիների դավադրությունները»:
Այս հեռախոսազրույցում Իրաքի վարչապետը ևս Այդ ալ-Ֆիտր բարեբաստիկ տոնի կապակցությամբ շնորհավորելով Իրանի նախագահին ու ժողովրդին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության առաջնորդին,ասել է.-«Հուսով եմ, որ մեր ջանքերը կհանգեցնեն Իրանի, Իրաքի և բոլոր իսլամական երկրների միջև միասնության, համախմբվածության և եղբայրության ամրապնդմանը, և որ հիմնվելով դրա վրա, մենք կկարողանանք առավել քան երբևէ զարգացնել տնտեսական հարաբերությունները իսլամական երկրների միջև»:
Մուհամմադ Շիա Ալ-Սուդանին նշել է.-«Զգայուն տարածաշրջանում գտնվելու բերումով Իրանի և Իրաքի միջև եղբայրական և բարեկամական հարաբերությունների ամրապնդումը անհրաժեշտություն է, և մենք պետք է միավորվելով և ամրապնդելով հարաբերությունները, ավելի ամրապնդենք մեր դիրքերը երկու ժողովուրդների չարակամների դեմ։ Իրաքի կառավարությունն ու ժողովուրդը միշտ իրենց սրտակցությունն ու համերաշխությունն են հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին, և մենք կկանգնենք Իրանի կողքին՝ ընդդեմ անօրինական նկրտումների և վստահ ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ապավինելով Աստծուն և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ու նախագահի ցուցումներին, հաջողությամբ կհաղթահարի առջևում սպասվող դժվարին փուլը»։