Մեկնաբանություն - Տարածաշրջանային մրցակցություն Հարավային Կովկասում և Իրանի հավասարակշռող դերը
https://parstoday.ir/hy/news/iran-i231562-Մեկնաբանություն_Տարածաշրջանային_մրցակցություն_Հարավային_Կովկասում_և_Իրանի_հավասարակշռող_դերը
Կարծես թե Հարավային Կովկասը դառնում է ուժերը չափելու փորձադաշտ տարածաշրջանային և անդրտարածաշրջանային դերակատարների համար։ Այս բարդ համատեքստում Իրանը, որպես տարածաշրջանի կարևոր դերակատար, փորձում է ամրապնդել իր դերը տարածքային ամբողջականության և անվտանգության կայունության պահպանման գործում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2025 13:07 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Տարածաշրջանային մրցակցություն Հարավային Կովկասում և Իրանի հավասարակշռող դերը

Կարծես թե Հարավային Կովկասը դառնում է ուժերը չափելու փորձադաշտ տարածաշրջանային և անդրտարածաշրջանային դերակատարների համար։ Այս բարդ համատեքստում Իրանը, որպես տարածաշրջանի կարևոր դերակատար, փորձում է ամրապնդել իր դերը տարածքային ամբողջականության և անվտանգության կայունության պահպանման գործում։

Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ռազմական հաղթանակներ է տարել 2020 և 2023 թվականների պատերազմներում։ Այնուամենայնիվ, Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել ավելի շատ զիջումներ, այդ թվում՝ սահմանադրության փոփոխություններ՝ Ղարաբաղի մասին ցանկացած հիշատակում վերացնելու համար: Այս պահանջները՝ զուգորդված ուժի կիրառման անուղղակի սպառնալիքների հետ, անկայուն են պահել իրավիճակը տարածաշրջանում։

Իրանը, որպես Հայաստանի և Ադրբեջանի անմիջական հարևան, առանձնահատուկ դիրք է զբաղեցնում։ Թեհրանը մի կողմից աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, իսկ մյուս կողմից՝ ձգտում է կանխել տարածաշրջանում սահմանային ցանկացած փոփոխություն, որը կարող է վտանգել Իրանի ազգային շահերը։ Սա հատկապես ակնառու է «Զանգզուրի միջանցքի» դեպքում։ Միջանցքը, որը նախատեսվում է Հայաստանի հարավային սահմանով Ադրբեջանի հիմնական տարածքը կապել Նախիջևանի և Թուրքիայի հետ, կարող է ազդել դեպի Սև ծով և Եվրոպա Իրանի հասանելիության վրա:

Զանգեզուրի միջանցք

Այդ իսկ պատճառով մարտին Իրանի արտաքին գործերի նախարարությունը Աբբաս Արաղչիի Երևան կատարած այցի միջոցով հստակ դիրքորոշում է հայտնել Հարավային Կովկասում ցանկացած տարածքային կամ աշխարհաքաղաքական փոփոխության դեմ։ Այս քայլը ոչ միայն Հայաստանին աջակցության նշան էր, այլեւ նախազգուշացում Ադրբեջանին ու Թուրքիային՝ խուսափելու միակողմանի գործողություններից։

Այդ կապակցությամբ Իրանն ու Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում համատեղ զորավարժություններ են անցկացրել երկու երկրների 44 կիլոմետրանոց սահմանի երկայնքով։ Այս զորավարժությունները ներառում էին ծանր սպառազինության և դիպուկահարների ստորաբաժանումների կիրառում, որոնք ուղղված էին սահմանային անվտանգության ամրապնդմանը և ընդհանուր շահերի երաշխավորմանը։ Այս համագործակցությունը ցույց է տալիս, որ Թեհրանը ձգտում է պահպանել Հայաստանի հնարավորությունները Ադրբեջանի և Թուրքիայի ճնշման դեմ՝ ուժեղացնելով սահմանային անվտանգությունը։

Մինչ Իրանը ձգտում է ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ, Երևանի մոտեցումը վերջին տարիներին ավելի բարդ է դարձել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է հեռու մնալ Ռուսաստանի նկատմամբ ավանդական կախվածությունից՝ թեքվելով դեպի Արևմուտք։ Այս շրջադարձը ներառում է Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ամրապնդում և նույնիսկ Թուրքիայի հետ հաշտեցում: Եվրամիության հետ ինտեգրման մասին օրենքի ընդունումը և Թուրքիայի հետ սահմանը բացելու ցանկությունը այս նոր քաղաքականության դրսևորումներն են։

 

Այս քայլերը կարող են ճնշել Իրանի և Հայաստանի հարաբերությունները։ Փաշինյանի որոշ գործողություններ, ինչպիսիք են 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին կասկածանքը և ղարաբաղյան հայկական շարժման քննադատումը, զայրացրել են Հայաստանի ժողովրդին և հայկական սփյուռքին։ Թեհրանի տեսանկյունից Փաշինյանը հանդես է գալիս թույլ դիրքերից և կարող է նա շարունակել զիջումներ անել Թուրքիային և Ադրբեջանին՝ նույնիսկ վերջիններիս կողմից առանց ուժի դիմելու։

Եվրասիայում աշխարհաքաղաքական զարգացումները, հատկապես Ուկրաինայում պատերազմը հօգուտ Ռուսաստանի ավարտվելու դեպքում, կարող են փոխել տարածաշրջանային դինամիկան Հարավային Կովկասում։ Ռուսաստանը կարող է փորձել վերականգնել իր թուլացած ազդեցությունը տարածաշրջանում, հատկապես Թուրքիայի հետ մրցակցության պայմաններում: Այս իրավիճակում Հայաստանը կարող է ձգտել վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ թուրք-ադրբեջանական առանցքի դեմ հավասարակշռություն հաստատելու համար։

Հարավային Կովկասը դառնում է աշխարհաքաղաքական մրցակցությունների թատերաբեմ. Իրանը, հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքն ու ազգային շահերը, փորձում է հավասարակշռող դեր խաղալ։ Այդուհանդերձ Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք և թուրք-ադրբեջանական ճնշումները մարտահրավերներ են ստեղծել Թեհրանի համար։ Ի վերջո, այս տարածաշրջանի ապագան կախված կլինի Եվրասիայում ավելի մեծ զարգացումներից, սակայն Իրանը, որպես առանցքային խաղացող, պաշտպանում է իր շահերը այս զգայուն տարածաշրջանում: