Արաղչի. Իրան-ԱՄՆ բանակցությունները միայն միջուկային ոլորտում են եղել
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ընդգծել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները եղել են բացառապես միջուկային հարցերի շուրջ, և որ մենք այլ հարց չենք ընդունում։
Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Արաղչին ասել է.-«Մեր բանակցությունների թեման ուղղված է բացառապես Իրանի խաղաղ միջուկային ծրագրին և պատժամիջոցների վերացմանը, և այլ բան չի ընդունվի»։
Բանակցությունները, որոնք անցկացվել են շաբաթ օրը Իտալիայում, Օմանի հյուրընկալությամբ, նախագահել են Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ չորս ժամ տեւած բանակցությունների ընթացքում առաջընթաց է գրանցվել ընդհանուր սկզբունքների ու նպատակների շուրջ։
Արաղչին հավելել է.«Նախատեսվում է, որ բանակցությունները կշարունակվեն Օմանում փորձագիտական մակարդակով տեխնիկական հանդիպումների մեկնարկով, և այդ հանդիպումների արդյունքները կգնահատվեն հաջորդ շաբաթ օրը»: Նա ընդգծել է, որ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։
Հակադարձելով բանակցությունների մասին շրջանառվող ասեկոսեներին և տարաբնույթ մեկնաբանություններին՝ Արաղչին ասել է.-«Ենթադրություններն ու անձնական մեկնաբանությունները միշտ էլ եղել են, բայց ես հավանություն չեմ տալիս նման հայտարարություններին: Բանակցությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն ժամանակին»։
Բանակցությունները շարունակելու և փորձագիտական հանդիպումներ սկսելու մասին այս համաձայնությունը առաջընթացի հույսեր է արթնացրել տարաձայնությունների կարգավորման ուղղությամբ: