Փեզեշքյանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը
(last modified Mon, 28 Apr 2025 06:40:03 GMT )
Ապրիլ 28, 2025 10:10 Asia/Tehran

Ադրբեջան մեկենելուց առաջ, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը հարցազրույց է տվել այդ երկրի պետական հեռուստաընկերությանը՝ Az TV-ին, որում անդրադարձել է երկու երկրների հարաբերություններին։

Անդրադառնալով երկու երկրների միջև համագործակցության հնարավորություններին, Փեզեշքյանն ասել է․ «Իրանն ու Ադրբեջանն ազգականներ են։ Մենք կարող ենք միավորվել և միասին աշխատել մեր երկրների միջև ամուր կապեր կառուցելու համար»։

Լրագրող.

Պարոն նախագահ, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը ներկայումս դանդաղ է ընթանում։ Ի՞նչ դեր և դիրքորոշում ունի Իրանն այս համատեքստում։ Ի՞նչ աջակցություն կարող է Իրանը պաշտոնապես տրամադրել այս գործընթացն առաջ մղելու համար։ Նաև, ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը տարածաշրջանում անվտանգության ապահովման, կայունության հաստատման և այս ոլորտում անհրաժեշտ համագործակցության հարցում։

Մասուդ Փեզեշքյան.

«Ցանկացած քայլի համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր երկիր բավարարվի իր սահմաններով և տարածքային նկրտումներ չունենա մյուսի նկատմամբ։ Տարաձայնությունները սկսվում են այն ժամանակ, երբ կողմերից մեկը ցանկանում է զավթել մյուս կողմին պատկանող հողը կամ ինչ որ տարածք։ Մեր սկզբունքային դիրքորոշումը միշտ եղել է  երկրների ինքնիշխանությունը, իրավունքները և տարածքային ամբողջականությունը հարգելը։ Մենք այս սկզբունքին հետևել ենք ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհի այլ երկրների հետ մեր հարաբերություններում։

Հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա տարաձայնություններն ու մտահոգությունները կլուծվեն միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակում։ Տարաձայնություններն ու խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ կողմերը չեն բավարարվում իրենց օրինական իրավունքներով։  

Մենք միշտ աջակցել ենք Ադրբեջանի իրավունքներին, և, բնականաբար, կաջակցենք նաև Հայաստանին՝  այդ երկրի օրինական իրավունքների շրջանակներում։

Մեր ջանքերն ուղղված են նրան, որ երկու հարևան երկրներն ապրեն բարիդրացիության ու խաղաղ համակեցության պայմաններում։ Եվ մենք կաջացենք նրանց այդ հարցում»։

ԻԻՀ նախագահը նշել է․ «Իրանն ու Ադրբեջանն ազգականներ են։ Մենք կարող ենք իրար օգնելով ստեղծել խաղաղ ու բարգավաճ կյանք երկու երկրների ժողովուրդների համար։ Փոխադարձ այցելությունները նպաստում են հարաբերությունների ամրապնդմանը։ Հետևաբար, մենք պետք է բացենք ճանապարհներ փոխադարձ ճանապարհորդությունները հեշտացնելու համար»։

Բաքվի հետ հարաբերությունները խորացնելու Թեհրանի ցանկության մասին Փեզեշքյանի հայտարարությունը հնչում է Ադրբեջան կատարելիք նրա այցից առաջ։ Բաքվում Փեզեշ՛քյանը  կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ետ։