Տնտեսական և առևտրային համագործակցությունն ընդլայնելու Իրանի ու Ռուսաստանի ծրագրերը
-
Իրանի և Ռուսաստանի տնտեսական պատվիրակությունների հանդիպումը
Իրանի առևտրի պալատի ղեկավար Սամադ Հասանզադեի գլխավորած տնտեսական պատվիրակությունը մայիսի 19-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Սերգեյ Կատիրինի և ռուս գործարարների հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները մինչև 10 միլիարդ դոլարի հասցնելու հարցը։
Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հանդիպման ժամանակ ընդգծել է, որ երկու երկրների նախագահների միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ստորագրումից հետո Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների մակարդակը հասել է ռազմավարականի։ Նա հավելել է, որ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսի 15-ին, ինչը հիմք է հանդիսացել համագործակցության զարգացման համար։
Սամադ Հասանզադեն խոսել է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու հարցում Իրանի ներուժի մասին։ Առևտրի պալատի փոխնախագահ Ղադիր Ղիյաֆան նշել է, որ 10 տարում առևտուրը 10 միլիարդ դոլարի հասցնելու հեռանկարն իրագործելի է։
Ըստ համաձայնագրի՝ ԵԱՏՄ հինգ անդամ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ Իրանի առևտրի ժամանակ, ապրանքների 87 տոկոսի համար կգործեն զրոյական մաքսատուրքեր։ Համաձայնագիրը կնպաստի երկկողմ առևտրի աճին։
Իրանը և Ռուսաստանը կարող են զարգացնել համագործակցությունը նաև էներգետիկայի, նավթի և գազի նախագծերի, Հյուսիս-Հարավ երթուղով տարանցման, ոչ դոլարային առևտրի ընդլայնման, տեխնոլոգիաների փոխանակման, զբոսաշրջության և ակադեմիական փոխգործակցության ոլորտներում։
ԵԱՏՄ-ին ու ՇՀԿ-ին համատեղ անդամակցությունը նույնպես մեծացրել է այս համագործակցության տարածաշրջանային չափումները։ Իսկ նման հանդիպումները կարող են խորացնել Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական և նույնիսկ անվտանգային հարաբերությունները։