Չաբահարից մինչև Եվրասիա. Իրանը՝ Կենտրոնական Ասիայի առևտրի դարպասը
-
Չաբահար նավահանգիստը Իրանի Հարավում
Pars Today - Չաբահար նավահանգստի ռազմավարական դիրքի և դրա լայնածավալ տրանսպորտային ցանցի վրա հիմնվելով՝ Իրանը դարձել է Կենտրոնական Ասիայի երկրների հիմնական գործընկերը և ամրապնդում է իր առևտրային և լոգիստիկ կապերը այս տարածաշրջանի հետ։
Միջազգային հարաբերությունների, անվտանգության, տնտեսագիտության և քաղաքականության ոլորտի մասնագիտացված ռեսուրս հանդիսացող The Diplomat կայքը իր հոդվածում գրել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը Մասուդ Փեզեշքյանի նախագահության օրոք հստակորեն ամրապնդում է իր քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում»: Ըստ Pars Today-ի՝ հոդվածում նշվում է. «Իրանի լայնածավալ ճանապարհային և երկաթուղային ցանցը, ինչպես նաև երկրի կարևոր նավահանգիստները Հնդկական օվկիանոսում, ռազմավարական առավելություն են տալիս Կենտրոնական Ասիայի՝ ծովին ելք չունեցող հանրապետությունների հետ համագործակցության համար»։
Հոդվածի համաձայն՝ Իրանի տարածաշրջանային փոխգործակցության ուշադրության կենտրոնում է առևտրային հարաբերությունների, և լոգիստիկ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, ինչը համապատասխանում է Իրանի «հայցք դեպի Արևելք» ռազմավարությանը։
Կենտրոնական Ասիայի երկրները նաև փնտրում են նոր սպառողական շուկաներ և ավելի արդյունավետ երթուղիներ՝ աշխարհի խոշոր տնտեսություններին միանալու համար։ Իրանը համատեղում է այս երկու առավելությունները և դարձել է նրանց համար արժեքավոր տարածաշրջանային գործընկեր։ Բացի այդ, Իրանն ունի տեխնիկական և գիտական հնարավորություններ ճարտարագիտության, էներգետիկայի, գյուղատնտեսության, քիմիական արդյունաբերության և դեղագործության ոլորտներում, ինչպես նաև ունի համատեղ արտադրության ներդրումային ենթակառուցվածքներ։
Իրանի հարավում գտնվող Չաբահար նավահանգիստը Կենտրոնական Ասիայի՝ ծովին ելք չունեցող երկրների համար դարպաս է դեպի Հնդկական օվկիանոս։
Իրանի լայնածավալ ճանապարհային և երկաթուղային ցանցը, ինչպես նաև հարավում գտնվող հիմնական նավահանգիստները, հնարավորություն են տվել Կենտրոնական Ասիայի երկրներին միանալ համաշխարհային շուկաներին։ Չինաստան-Ղազախստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Թուրքիա երկաթուղային միջանցքները և բազմակողմանի տրանսպորտային ուղիները Իրանը դարձրել են եվրասիայի ցամաքային կամուրջ, որը Արևելքը կապում է Արևմուտքին։
2023 թվականին Իրանը համաձայնել է Տաշքենդի դիմում-խնդրանքին՝ «Չաբահարի համաձայնագրին» միանալու համար։ Ուզբեկստանը նախատեսում է նավահանգստում կառուցել հատուկ պահեստ և տերմինալ։ Ղազախստանն ու Տաջիկստանը նույնպես քննարկում են նմանատիպ մոտեցում։
Բանակցություններ են ընթանում նաև Կենտրոնական Ասիայից դեպի Հնդկաստան տրանսպորտային միջանցքներ գործարկելու ուղղությամբ՝ իրանական ավտոճանապարհային և նավահանգստային ենթակառուցվածքների միջոցով, քայլ, որը համապատասխանում է Կենտրոնական Ասիայի երկրների աշխարհատնտեսական շահերին։
Իրանի երկկողմ առևտուրը տարածաշրջանի երկրների հետ, չնայած դեռևս մոտ 1.5 միլիարդ դոլարի է, ընդլայնվում է՝ նպատակ ունենալով Ուզբեկստանի հետ առևտրի ծավալը հասցնել մինչև 2 միլիարդ դոլարի, իսկ Թուրքմենստանի հետ առևտուրը մեծացնել 30 տոկոսով: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի համաձայնագիրը 2025 թվականի մայիսից ի վեր նոր հնարավորություններ է բացել իրանական առևտրի համար՝ նվազեցված մաքսային սակագներով։
Բացի այդ, Հնդկաստանի նավահանգիստներից դեպի Ուզբեկստան և Ղազախստան կոնտեյներային փոխադրումները Բանդար Աբբասի և Չաբահարի միջոցով, ինչպես նաև Ղազախստանի ծրագրերը՝ Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգստում մասնագիտացված տերմինալ կառուցելու համար, վկայում են տարածաշրջանային տարանցիկ ոլորտում Իրանի աճող դերակատարության մասին: Այս զարգացումները, Չինաստանի հետ Իրանի 34.1 միլիարդ դոլարի ոչ նավթային առևտրին զուգահեռ, ամրապնդում են Իրանի դիրքերը որպես տարածաշրջանային լոգիստիկ և առևտրային հանգույց: