ԻԻՀ -ում ՀՀ դեսպանն ընդունել է իրանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների
Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյանին, «Ալիք» հաստատության ներկայացուցիչ Գարո Հովհաննիսյանին, Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Հովհաննիսյանին և Թեհրանի հայոց թեմի պատգամավորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսյանին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը։
Զրուցակիցները քննարկել են դեսպանության և համայնքի ազգային իշխանության միջև փոխգործակցության վերաբերյալ հարցեր։
Պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել իրանահայության հնարավորությունների և համայնքային իրավասությունների շրջանակում աջակցելու Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը՝ այդ թվում մշակութային և հասարակական ոլորտներում հնարավոր համագործակցությանը։
Հանդիպման ընթացքում կողմերը ցավով անդրադարձել են Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի առիթով Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում կազմակերպված ոգեկոչման արարողության ընթացքում տեղի ունեցած անթույլատրելի միջադեպին և անընդունելի համարել այն:
ՀՀ դեսպանը և համայնքի ազգային իշխանության ներկայացուցիչներն ընդգծել են առավելագույն ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը՝ բացառելու նմանօրինակ ցանկացած փորձ, որոնք կարող են բացասաբար ազդել ՀՀ դեսպանության ու համայնքի միջև հարաբերություններին: