Իսրայելի հարձակումցի հետո Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
ԻԻՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իսրայելի ագրեսիայի վերաբերյալ։
Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, Pars Today-ը հաղորդում է, որ հայտարարության մեջ ասված է․
«Հանուն Աստծու։ Իրանի հպարտ ժողովուրդ։ Սիրելի հայրենակիցներ։
Մեր սիրելի Իրանը հարձակման է ենթարկվել հանցավոր ռեժիմի կողմից։ Այսօր առավոտյան Սիոնիստական օկուպանտ ռեժիմը, խախտելով մեր սիրելի Իրանի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը, հարձակվել է Թեհրանի և մի քանի այլ քաղաքների բնակելի թաղամասերի վրա և սպանել հայրենիքի ամենապատվավոր և հայրենասեր ծառաների մի խմբի՝ հրամանատարների ու գիտնականների, ինչպես նաև խաղաղ բնակիչների։
ԻԻՀ Արտաքին գործերի նախարարությունը շնորհավորում է Իրանի բարձրագույն ղեկավարությանը և ազնիվ ժողովրդին՝ Սիոնիստական ռեժիմի հարձակման ընթացքում մեր երկրի պաշտպանների՝ նահատակության պատվին արժանանալու կապակցությամբ։
Իրանի վրա Սիոնիստական ռեժիմի իրականացրած հարձակումները ՄԱԿ-ի կանոնադրության 4-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում են և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ակնհայտ ագրեսիա։ Այս ագրեսիային արձագանքելը Իրանի օրինական իրավունքն է՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի, և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը չեն տատանվի պաշտպանել ժողովրդին։
Իրանը, որպես ՄԱԿ-ի հիմնադիր անդամ, որի գոյության փիլիսոփայությունը ագրեսիայի, խաղաղության խախտումների և խաղաղությանը սպառնացող վտանգների կանխումն է, ընդգծում է ԱԽ պարտականությունը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի կողմից բացահայտ ագրեսիայի պատճառով միջազգային խաղաղության և անվտանգության խախտմանը դիմակայելու համար։
ԻԻՀ ԱԳ նախարարությունը նաև հիշեցնում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ունի կազմակերպության կանոնադրությանը համապատասխան պարտականություններ և կոչ է անում նրան անհապաղ միջոցներ ձեռնարկել այս հարցում։
ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները, մասնավորապես տարածաշրջանային և իսլամական երկրները, Չմիավորման շարժման անդամները և միջազգային խաղաղությամբ ու անվտանգությամբ մտահոգ բոլոր պետությունները պետք է անհապաղ դատապարտեն այս ագրեսիան և անհապաղ ու համատեղ քայլեր ձեռնարկեն՝ այս վտանգավոր արկածախնդրությանը դիմակայելու համար, որը, անկասկած, սպառնում է համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը։ Սիոնիստական ռեժիմի կողմից մեր սիրելի Իրանի դեմ ագրեսիայի հետևանքով առաջացած վտանգավոր և հեռահար հետևանքների պատասխանատվությունը կրելու են ռեժիմը և նրա կողմնակիցները։
Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունները չէին կարող տեղի ունենալ առանց Միացյալ Նահանգների համակարգման և թույլտվության։ Համապատասխանաբար, ԱՄՆ կառավարությունը, որպես այս ռեժիմի գլխավոր աջակից, նույնպես պատասխանատու կլինի Սիոնիստական ռեժիմի արկածախնդրության վտանգավոր հետևանքների համար»։