Գեներալ-մայոր Մուսավի․ Իրանի ժողովուրդը միասնաբար ու համախմբված կանգնեց թշնամու դեմ
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը նշել է, որ Իրանի սիրելի ժողովուրդը թշնամու դեմ կանգնեց՝ պահպանելով միասնությունն ու համախմբվածությունը, ծնկի բերելով վերջինիս։
Նա ասել է․ «Իսկ նահատակների հուղարկավորությանը ժողովրդի մասնակցությունը նոր էպոս էր»:
Ուրբաթ օրը, Թեհրանում գտնվող Ֆաթեմե Զահրայի հոսեյնիեյում կայացել է գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամիի հիշատակի արարողությունը։ ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սալամին նահատակվել է հունիսի 13-ի վաղ առավոտյան՝ Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով։
Արարողության ժամանակ ԶՈՒ շտաբի պետ, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլրահիմ Մուսավին հայտարարել է, որ նահատակների հեղված արյունն ավելի կամրապնդի Դիմադրության ճակատը։
Նա զգուշացրել է Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիներին, ասելով․ «Թող թշնամին չուրախանա, որ խլել է այս սիրելիների կյանքը։ Որովհետև, ըստ սուրբ Ղուրանի՝ մենք նահատակներին համարում ենք կենդանի։ Իրանի ժողովրդի թշնամիները պետք է իմանան, որ ժողովուրդն իր արժանապատվությունն ու անկախությունը ձեռք է բերել Բանի Հաշեմի, Իմամ Հոսեյնի և Աշուրայի նահատակների շնորհիվ։ Ու այդ ժողովուրդը չի հանգստանա, քանի դեռ ահաբեկիչներին ցույց չի տվել իրենց տեղը»։
Նա հավելել է․ «Միջուկային խնդիրը պատրվակ էր Իրան ներխուժելու և 48 ժամից մինչև մեկ շաբաթում համակարգը փլուզելու համար։ Սակայն Իրանի ժողովուրդը հաղթեց։ Որովհետև սկզբում Իրանը զսպող պատասխան տվեց, իսկ երկրորդ փուլում իրականացրեց պատժիչ գործողություն։ Հակառակ թշնամու կանխատեսումների՝ ժողովուրդը մի կողմ դրեց իր խնդիրները և միասնական ու համախմբված կանգնեց թշնամու դեմ»։
Գեներալ-մայոր Մուսավին հավելել է. «Հեղափոխության առաջնորդի հրամանով մենք մշակել էինք կոշտ գործողություն, սակայն առիթ չեղավ այն իրականացնելու։ Եթե նրանք կրկին հարձակվեն Իրանի վրա, այդ ժամանակ կտեսնեն, թե մենք ինչ կանենք։ Այդ դեպքում ԱՄՆ-ին այլևս չի հաջողվի փրկել Նեթանյահուին։ Մենք և մեր ժողովուրդը զգոն ենք և պատրաստ»։