Կովկասի զարգացումները քննարկվել են Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովում
Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ այս հանձնաժողովի նիստում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս կնքված համաձայնագրի դրույթները և Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումների հետևանքները։
Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ քաղաքական հարցերով փոխարտգործնախարար Թախտ Ռավանչիի և զինված ուժերի ու անվտանգության մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը և Ադրբեջանի, Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև եռակողմ համաձայնագիրը։
Ընդգծելով այս հարցի համապարփակ կարևորությունը Իսլամական Հանրապետության համար՝ նա հավելել է. «Մենք տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն համարում ենք տարածաշրջանային անվտանգությանը հակասող և թույլ չենք տա, որ տարածաշրջանից դուրս գտնվող երկրները խաթարեն Կովկասի աշխարհաքաղաքականությունը»։
Ազիզին նշել է, որ վերջին զարգացումներն իրականացել են արևմտյան երկրների, մասնավորապես Միացյալ Նահանգների խաբեությամբ և չարագործությամբ և ընդգծել է, որ տարածաշրջանի երկրներին բազմիցս խորհուրդ է տրվել զերծ մնալ այն կողմերի հետ համագործակցությունից, որոնք իրական խաղաղության չեն ձգտում։
Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է․-Որոշվել է, որ Արտաքին գործերի նախարարությունն ակտիվ դիվանագիտությամբ անհապաղ միջոցառումներ իրականացնի, և կառավարությունը ևս այս հարցում կոնկրետ պարտականություններ ստանձնի։ Ազիզին նշել է.«Խորհրդարանը հետևում է կանխարգելիչ միջոցառումներին և արդյունքների մասին կտեղեկացնի ժողովրդին»։
Նախատեսվում է նաև հանդիպում Հայաստանի պաշտոնյաների հետ, և հավանաբար հաջորդ շաբաթ, կկայանա խորհրդարանականների այցը որոշ սահմանային կետեր։