Վելայաթին հանդիպել է Հայաստանի փոխարտգործնախարարի հետ. Թեհրանը զգուշացնում է արտատարածաշրջանային երկրներին
Իրանի Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Թեհրանում հանդիպել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ և ողջունել համագործակցության ընդլայնումը՝ ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետևում է իր սահմանների մոտ տեղի ունեցող ցանկացած զարգացմանը և համարժեք կարձագանքի ազգային անվտանգությունը խաթարող ցանկացած գործողության։
Հանդիպման սկզբում Կոստանյանը բացատրություն է ներկայացրել տարածաշրջանում վերջին զարգացումների և Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ և ընդգծելով երկու երկրների միջև պատմական և բարիդրացիական հարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը, ասել է. «Մենք խորապես կարևորում ենք Իրանի հետ բարեկամական հարաբերությունները և բարձր ենք գնահատում այդ պատմական կապերը»։
Վելայաթին նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ցանկանում է իր հարևանների միջև երկարատև խաղաղություն և անվտանգություն և այլ հավակնող երկրներից ավելի շատ է կարոևորում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը։ Խորհրդային Միության փլուզումից և տարածաշրջանի երկրների անկախացումից հետո, Իրանն առաջին երկիրն էր, որ քայլեր ձեռնարկեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ և Արտաքին գործերի նախարարությունում պաշտոնավարության ընթացքում ես իմ բոլոր ջանքերը գործադրել եմ այս ուղղությամբ»։