Շահվերդյան. Իրան-Հայաստան հարաբերություններին պայծառ ապագա է սպասվում
Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Արա Շահվերդյանը հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների ապագան պայծառ ու խոստումնալից է, և համատեղ կամքի դեպքում, առաջիկայում կգրանցվի տնտեսական, մշակութային և քաղաքական համագործակցության զարգացում։
Անդրադառնալով Իրանի նախագահի վերջերս Երևան կատարած այցին՝ Իրանի խորհրդարանի իրանահայ պատգամավորն ասել է. «Այցի ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է 11 փոխըմբռնման հուշագիր՝ տրանսպորտի, սահմանային ենթակառուցվածքների և տնտեսական զարգացման ոլորտներում համագործակցության վերաբերյալ, և նախատեսվել է առևտրային փոխանակումների ծավալը հասցնել 3 միլիարդ դոլարի»։
Շահվերդյանը հավելել է. «Այցին զուգահեռ, իրանցի գործարարներն ու առևտրականներն անմիջական բանակցություններ են վարել հայ գործընկերների հետ։ Իրանական ընկերությունները ակտիվ են Հայաստանում իրականացվող խոշոր զարգացման նախագծերում»։
Նա նշել է, որ էներգետիկայի, էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման, շինարարության, գյուղատնտեսության, նոր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտները համագործակցության համար կարևոր ներուժ են։
Անդրադառնալով տրանսպորտի ոլորտին, պատգամավորը նշել է. «Երկու երկրները բանակցություններ են վարում ծախսերը կրճատելու, ենթակառուցվածքները զարգացնելու և Հյուսիս-Հարավ միջանցքը ամրապնդելու ուղղությամբ»։
Համագործակցության մշակութային կողմի մասին Շահվերդյանն ասել է. «Իրանի հայ համայնքը երկու երկրների մերձեցման ամուր կամուրջ է, իսկ Հայաստանում պարսկերենսովորող ավելի քան երեք հազար աշակերտներն արժեքավոր ակտիվ են ապագա սերունդների հաղորդակցման համար»։
Շահվերդյանն Իրանի նախագահի այցը Երևանի Կապույտ մզկիթ համարել է երկու ազգերի միջև պատմական կապերի խորհրդանիշ։
Խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն ասել է․ «Խորհրդարանական դիվանագիտությունը կարող է լուրջ աջակցություն լինել կառավարությունների միջև հարաբերություններին, և Իսլամական խորհրդարանը պատրաստ է ճանապարհ հարթել ներդրումների և առևտրի համար՝ պատվիրակությունների փոխայցելությունների, աջակցող օրենքներ հաստատման և համաձայնագրերի իրականացումը վերահսկելու միջոցով»։