Իրանը հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցություն ստեղծելու հարցում
Իրանի տրանսպորտի փոխնախարար, Իրանի երկաթուղիների ղեկավար Ջաբարալի Զաքարին և նրա հայաստանյան գործընկերը (Հարավկովկասյան երկաթուղիների գործադիր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ) քննարկել են երկաթուղային տրանսպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը, հաղորդում է Tehran Times գործակալությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում։
Բանակցություններն ընդգրկել են կայուն երկաթուղային տրանսպորտի ստեղծման, բեռնափոխադրումների ներուժի որոշման, բեռնափոխադրողների ակտիվացման և Իրանի ու Ռուսաստանի միջև Հայաստանի միջոցով երկաթուղային հաղորդակցության պարզեցման հարցեր՝ պայմանով, որ լուծվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական վեճերը։
Վերջերս Բաքվի և Երևանի նախնական համաձայնության հասնելուց հետո պաշտոնյաները եզրակացրել են, որ հուշագիրը կարող է նպաստել Նախիջևանով միջազգային Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքի (INSTC) արևմտյան երթուղու վերականգնմանը։ Դա հնարավորություն կտա երկարատև ընդմիջումից հետո վերականգնել Իրանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի տարածքով։
Կողմերը համաձայնել են հաջորդ հանդիպումն անցկացնել Թեհրանում մոտ ապագայում։