Արվեստը պատմությունից վեր. Հայաստանից Պերսեպոլիս․ Իրանը՝ հանուն ազգերի համերաշխության
https://parstoday.ir/hy/news/iran-i236710-Արվեստը_պատմությունից_վեր._Հայաստանից_Պերսեպոլիս_Իրանը_հանուն_ազգերի_համերաշխության
Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները ոչ միայն քաղաքական և տնտեսական բնույթ ունեն, այլ գնում են պխատմության խորքը՝ երկու ազգերի ընդհանուր մշակութային և պատմական կապերով:
(last modified 2026-04-26T14:16:06+00:00 )
Սեպտեմբեր 07, 2025 11:44 Asia/Tehran

Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները ոչ միայն քաղաքական և տնտեսական բնույթ ունեն, այլ գնում են պխատմության խորքը՝ երկու ազգերի ընդհանուր մշակութային և պատմական կապերով:

Հայկական ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը Պերսեպոլիսում՝ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում մշակույթի և արվեստի դերի վառ օրինակ է: Այս միջոցառումը ոչ միայն քաղաքակրթությունների երկխոսության խորհրդանիշ է, այլև քաղաքական և տարածաշրջանային համագործակցության խորացման հնարավորություն: 

Միջոցառման ընթացքում Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն անդրադարձավ երկու ազգերի միջև պատամական հարաբերություններին և հիշեցրեց, որ հայերի ներկայությունը և նրանց նվիրատվությունները Աքեմենյան թագավորներին, կարելի է տեսնել նաև Պերսեպոլիսի քանդակներում: Սա վկայում է Իրանի և Հայաստանի հարաբերությունների խորը արմատների մասին։ 

Հարաբերություններ, որոնք այսօր վերարտադրվում են գեղարվեստական և մշակութային համագործակցության տեսքով: Դեսպանի  խոսքով՝ Պերսեպոլիսում հայկական ժամանակակից արվեստի ներկայացումը մի տեսակ մշակութային նվեր էր Իրանի ժողովրդին։    
Իր ելույթում ՀՀ մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը նույնպես նշեց, որ արվեստն ազգերի միջև կամուրջ է և համերգը գնահատեց որպես ավելին, քան պարզապես գեղարվեստական միջոցառում: Նրա կարծիքով՝  Պերսեպոլիսի հին պարիսպների ներքո հայկական երաժշտության հնչյունները խաղաղության, համերաշխության և փոխադարձ հարգանքի խորհրդանիշ էին: Նա միջոցառումը բնութագրեց որպես Պերսեպոլիսի պատմական ավանդույթի շարունակություն՝ որպես ազգերի մերձեցման վայր: 

Նախարարն անդրադարձավ նաև Իրանի և Հայաստանի առաջնորդների հանդիպմանը, նշելով, որ դա վկայում է մշակութային դիվանագիտության և քաղաքական հարաբերությունների միջև կապի մասին, որտեղ երաժշտությունն ու գեղարվեստական երկխոսությունը նպաստում են դիվանագիտական երկխոսությունների ամրապնդմանը:

Իրանցի գիտնական Հուշանգ Ջավիդի տեսանկյունից այս իրադարձության նշանակությունը գերազանցում է մշակութային խորհրդանիշները: Ընդգծելով Իրան-Հայաստան փոխազդեցության պատմական արմատները Սասանյանների դարաշրջանում և ավելի վաղ շրջանում, նա նշեց, որ ներկայիս Հայաստանի մի մասը մի ժամանակ Իրանի մաս էր կազմում, և որ իրանական կրակի տաճարների հետքերը դեռևս կարելի է տեսնել այդ տարածքներում: 

Ջավիդը նշեց, որ Պերսեպոլիսում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը կարող է հիմք հանդիսանալ խաղաղ տարածաշրջանային փոխազդեցությունների համար: 
Այսպիսով, մշակույթն ու արվեստը հարթակ են ստեղծում աշխարհաքաղաքական լարվածությունը նվազեցնելու և Կովկասում խաղաղ համակեցությունն ամրապնդելու համար:

Քաղաքական մակարդակում նման համագործակցությունը կարևոր ուղերձ է հղում տարածաշրջանային և համաշխարհային գործիչներին։ Մշակութային ընդհանրությունները շեշտելով՝ Իրանն ու Հայաստանը կարող են մեղմ այլընտրանք առաջարկել կոշտ մրցակցությանը։ Այն իրավիճակում, երբ Կովկասյան տարածաշրջանը մշտապես ճնշման տակ է միջտարածաշրջանային ուժերի կողմից, մշակութային հարաբերությունները ամրապնդում են խաղաղության և համագործակցության ուղերձը և ավելի մեծ լեգիտիմություն են հաղորդում երկու երկրների հանրային դիվանագիտությանը։ Սա կարող է նաև աջակցություն լինել համատեղ տնտեսական նախագծերի համար, ինչպիսին է Պարսից ծոց-Սև ծով միջանցքը։

Իրանի պատմական վայրերում մշակութային նման միջոցառումների անցկացումը և միաժամանակ աշխարհին իրանական քաղաքակրթության ներկայացումն  ընդգծում է ընդհանուր մարդկային ժառանգության պաշտպանության կարևորությունը։ Նման ծրագրերում պաշտպանության պահանջներին հետևելը, միաժամանակ պահպանելով պատմական հուշարձանները, գրավում է մշակութային և գեղարվեստական զբոսաշրջիկներին և նաև բերում է տնտեսական օգուտներ։

Իրանի և Հայաստանի միջև մշակութային հարաբերությունները ոչ միայն ընդհանուր պատմության շարունակությունն են, այլև ներդրում՝ հանուն ապագայի։ Արվեստը, մասնավորապես երաժշտությունը, ունի քաղաքական պատերը քանդելու և ազգերին ավելի մերձեցնելու ունակություն։ Այս մշակութային կապը Իրանն ու Հայաստանը վերածում է երկու տարածաշրջանային գործիչների, որոնք, հենվելով քաղաքակրթական կապիտալի վրա, առաջարկում են համակեցության և խաղաղության մոդել։ Աշխարհում, որտեղ քաղաքականությունը հաճախ սահմանվում է ուժով, մշակույթին հենվելը կարող է արդյունավետ գործիք լինել կայուն հարաբերություններ զարգացնելու և երկու երկրների մեղմ ուժը մեծացնելու համար։