Իրանի փոխարտգործնախարար. Ատոմային էներգիայի գործակալությունը չպետք է դառնա քաղաքական գործիք
Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ որոշ երկրներ օգտագործում են ՄԱԳԱՏԷ-ն քաղաքական նպատակներով, և որ կառույցը պետք է գործի անաչառ ու արդար։
Իրանի փոխարտգործնախարար և քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սաիդ Խաթիբզադեն ռուսական Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ «Ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու Եվրոեռյակի և ԱՄՆ-ի քայլն անօրինական է, հավելելով, որ Իրանը պատրաստ է դիմակայել պատժամիջոցներին և սահմանափակումներին:
Հղում անելով Tasnim լրատվական գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Խաթիբզադեն հավելել է․ «Այս քայլը ոչ միայն անվավեր է իրավական տեսանկյունից, այլև սխալ է ռազմավարական առումով և միջազգային ասպարեզում հեղինակազրկում է Եվրոպան ու ԱՄՆ-ն»։
Անդրադառնալով Չմիավորման շարժման անդամ ավելի քան 100 երկրների կողմից Իրանին ցուցաբերվող աջակցությանը և պատժամիջոցները չընդունելուն, Խաթիբզադեն ասել է, որ Իրանը վարում է միջազգային իրավունքի վրա հիմնված հետևողական արտաքին քաղաքականություն, իսկ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները անօրինական և անարդար են։ Նա հավելել է, որ Իրանը միշտ լիարժեք համագործակցել է Ատոմային էներգիայի գործակալության հետ, և որ երկրի բոլոր միջուկային օբյեկտները գտնվում են խիստ հսկողության տակ, սակայն Իսրայելի ագրեսիվ գործողությունները և ռեժիմին ԱՄՆ-ի աջակցությունը խաթարել են համագործակցության գործընթացը։
Իրանի փոխարտգործնախարարը նշել է, որ գործակալությունը պետք է գործի չեզոքության սկզբունքով և որպես տեխնիկական կառույց, ու պետք է պաշտպանի միջուկային օբյեկտները, այլ ոչ թե դառնա քաղաքական նպատակների գործիք։
Նրա խոսքով. «Ուժն ու գերիշխանությունը խաղաղություն չեն բերում։ Աշխարհում արդարություն և անվտանգություն հաստատելու ճանապարհը համագործակցությունն ու միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքն է։ Իրանը շարունակում է պահպանել ինքնապաշտպանության իրավունքը և փորձում է թույլ չտալ, որ համաշխարհային ուշադրությունը շեղվի Իսրայելի ագրեսիայից և պաղեստինյան հարցից»։