Նորվեգիայի ԱԳ նախարար․ Իրանի դեմ պատերազմը չի հասել իր նպատակներին
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը չի կարողացել հասնել իր սկզբնական նպատակներին և փոխարենը միայն ամրապնդել է երկրի ներսում արմատական ուժերի դիրքերը։
«Կարծում եմ՝ միանգամայն ակնհայտ է, որ պատմությունը ցույց կտա՝ այս պատերազմը չի հասել իր սկզբնական նպատակներից և ոչ մեկին», — Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Էյդեն՝ հավելելով, որ «դրա հետևանքով Իրանում արմատականների դիրքերը միայն ուժեղացել են, ոչ թե թուլացել»։
Էյդեն նշել է, որ Նորվեգիան ի սկզբանե դեմ էր պատերազմին՝ այն անվանելով «ոչ այնքան խելացի և միջազգային իրավունքին չհամապատասխանող»։ Նրա խոսքով՝ այսօր այդպիսի դիրքորոշումը շատ ավելի լայն տարածում է ստացել։
Նա նաև մատնանշել է Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումները՝ նշելով, որ ջրային ուղին բաց էր մինչև այն պահը, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հասցրին իրենց առաջին հարվածը, ինչին հաջորդեց Իրանի պատասխանը։ «Առնվազն մենք պետք է վերադառնանք այն իրավիճակին, որը հնարավորինս մոտ է նավագնացության այն ազատությանը, որը կար մինչև այս պատերազմի սկիզբը», — ընդգծել է նա։
Էյդեն հայտարարել է, որ պատերազմի դադարեցումն ու Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը այժմ կենսական անհրաժեշտություն են՝ հավելելով. «Կարծում եմ, որ դա հնարավոր է անել»։