Լավրովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Աբաս Արաղչիի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով Իրանից պահանջվում է անհապաղ գործակալությանը հայտնել հարստացված ուրանի պաշարների և ռմբակոծված միջուկային օբյեկտների վիճակի մասին: ԻԻՀ արտգործնախարար Աբբաս Արաղչին, մեկնաբանելով բանաձևի ընդունումը, նշել է, որ այն վնաս կհասցնի Թեհրանի հետ գործակալության համագործակցությանը:
«Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Զրույցի հիմնական թեման տարածաշրջանային անվտանգության հարցերն են եղել»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին ավելի վաղ կոչ էր արել Իրանին ապահովել գործակալության հասանելիությունը վնասված օբյեկտներին, հատկապես ցածր հարստացված և բարձր հարստացված ուրանի պաշարներին, որոնց կարգավիճակը հրատապ պարզաբանում է պահանջում: